ARARAT կոնյակների համահոտային բաղադրիչները բազմաշերտ են, եւ դրանց մասին լսելը միայն բավական չէ կոնյակի սիրահարների հետաքրքրասիրությունը բավարարելու համար: Ինչո՞ւ միայն լսել, եթե կարելի է անձամբ զգալ ու պատկերավոր մասնակիցը դառնալ հայկական պատմական բրենդի ստեղծման ճանապարհի: Այս նպատակով ARARAT թանգարանը մեկնարկում է նոր՝ «ARARAT Aroma Experience» ծրագիրը, որը թույլ կտա առավել բովանդակալից կերպով պատկերացնել լեգենդար կոնյակների համի ու բույրի ամբողջական գունապնակը:
Հայտնի փաստ է, որ կոնյակն իր բնավորությունը ձեռք է բերում կոնյակի սպիրտի հնեցման տարիների ընթացքում, իսկ դիմագիծը՝ վարպետների ստեղծագործ աշխատանքի շնորհիվ: «ARARAT Aroma Experience»-ը Հայաստանում առաջին անգամ կիրառվող փորձառական բացառիկ ծրագիր է, որը միտված է հետաքրքրասերների համար բացահայտելու այդ ստեղծագործության արդյունքում ծնված համահոտային նրբերանգները:
Ծրագրի անակնկալ մեկնարկը տրվեց Կանանց միջազգային օրվան ընդառաջ, իսկ դեբյուտային փորձառության մասնակիցները հենց կանայք էին:
«Սա համտեսի մի յուրահատուկ ձեւաչափ է, որը հաղորդակից է դարձնում մեր հյուրերին մեր ոգեշնչմանն ու գեղեցիկ պահերին: Այս նախագիծն ստեղծված է այն մարդկանց համար, որոնք ցանկանում են սովորել, զգալ, հասկանալ ու տարբերակել բույրերը: Կոնյակի մեջ բազմաթիվ բույրեր կան, մենք ընտրել ենք ինը հիմնականը, որոնք ավելի ակնհայտ են զգացվում. դրանց շնորհիվ էլ բացատրում ենք մեր հյուրերին, որ կոնյակը տարբեր բույրերի գեղեցիկ զուգորդումն է»,-անդրադառնալով ծրագրի ստեղծման գաղափարին ու ոգեշնչմանը՝ նշեց ARARAT ապրանքանիշի դեսպան Քրիստինա Իշխանյանը:
«ARARAT Aroma Experience»-ի արարողությունը սկսվեց ARARAT «Անի» եւ ARARAT «Ախթամար» կոնյակների համտեսով: Այս բացառիկ փորաձառության մասնակիցները, նախ, սովորեցին ճիշտ գնահատել կոնյակը՝ զգալով դրա բույրերի երեք տարբեր ալիքները, այնուհետեւ կազմեցին քարտեզ՝ ամփոփելով սեփական ընկալումներն ու զգացողությունները:
Քրիստինա Իշխանյանի խոսքով՝ հենց վերը նշված կոնյակներն էլ կլինեն ծրագրի՝ տարբեր մասնակիցների համտեսման «փորձադաշտում»:
«Անին» 13 տեսակի տարբեր սպիրտերի խառնուրդ է՝ տարբեր տարիների տակառներից: Իսկ «Ախթամարը» մեր գլուխգործոցներից մեկն է, եւ երեւի համարվում է մի քիչ ավելի մեղմ, ավելի զգայուն, ավելի արտիստիկ կոնյակ»,-խոսելով կոնյակների ընտրության մասին՝ մանրամասնեց Քրիստինան:
Համահոտային այս բացառիկ նախագիծն այսուհետ հասանելի կլինի ARARAT թանգարանի՝ համտեսման մշտական ծրագրում. Այն հատկապես հետաքրքիր ժամանցի տարբերակ է տարբեր կոլեկտիվների, ընկերախմբերի եւ զբոսաշրջիկների համար: Սա նաեւ յուրահատուկ միջոց է հայկական մշակույթի անբաժանելի մասնիկը դարձած 135-ամյա բրենդի բացահայտման ու պատմական արժեքը սեփական զգացողություններով դիտարկելու համար: