Ֆիլմը պատմում է Նեյթան Դրեյքի և Վիկտոր «Սալի» Սալիվանի արկածների մասին։ Այս երկու արկածախնդիրները ձեռնամուխ են լինում գտնելու աշխարհի ամենամեծ գանձը: Նրանք հույս ունեն նաև գտնել հետքեր, որոնք նրանց կտանեն Նեյթանի՝ վաղուց կորած եղբոր մոտ:
Մեր առջև սովորական արկածային քվեստ ֆիլմ է, որը ստեղծվել է հայտնի համակարգչային խաղի հիման վրա: Մի խոսքով՝ զարմանալի ոչինչ չկա:
Ֆիլմի առաջին րոպեներից դիտողի մոտ կառաջանա դեժավյուի զգացում։ Թվում է, թե այս ամենը դուք արդեն տեսել եք այլ ֆիլմերում։ Սկզբում կկարծեք, որ միգուցե սպասվում է կերպարների հետաքրքիր զարգացում, հետաքրքիր թեմաներ կշոշափվեն, այնուհետև սյուժեն պարզապես կլիշե կթվա, և,ահա, եզրափակչում անակնկալ կլինի։ Ո՛չ, չի լինի։
Հիմարություն կլինի համեմատել այս ժապավենը «Ազգի գանձերի» կամ «Ինդիանա Ջոնս» -ի հետ, քանի որ այն այնքան խելացի և խորը չէ, որքան առաջինը, և, իհարկե, ոչ այնքան մասշտաբային, հայտնի և խորհրդանշական, որքան երկրորդը:
Ֆիլմն ունի հստակ թերություն՝ կլիշեության և կրեատիվության պակաս, բայց ունի նաև մի քանի առավելություններ։
Ֆիլմում առկա է լիակատար արկածախնդրության ոգի: Այն, ինչ հետաքրքիր էր խաղերի շարքում, բավականին լավ է փոխանցվել կինոէկրան, իսկ դա արդեն կարելի է հաջողություն համարել։
Ֆիլմը վիզուալ տեսանկյունից դինամիկ, վառ, դիտարժան է. կան հետաքրքիր վայրեր, կերպարներ՝ աշխարհով մեկ թափառող…
Ինչ վերաբերում է էքշն տեսարաններին, ապա դրանք վատը չէին, բայց գրեթե բոլորը ցուցադրված էին թրեյլերներում։
Չնայած հետապնդումների և ծեծկռտուքի տեսարանները ստանդարտ տեսք ունեին, այնուամենայնիվ, բավականին առույգ էին: Իսկ ինքնաթիռի հետ կապված տպավորիչ տեսարանից հետո հանգիստ չի տալիս այն միտքը, որ նման բանից հետո հերոսը հազիվ թե ողջ մնար։ Դե լավ, այս ամենը կարելի է վերագրել կինոաշխարհի «կախարդանքին»։
Իսկ այ դերասանական կազմն ու կերպարները մի փոքր հիասթափեցնող են:
Անտոնիո Բանդերասի մասին շատ բան չկա ասելու: Ուղղակի հակառակորդ, ով պետք է վատը լինի: Նրա մոտիվացիան լիովին պարզ չէ, իսկ Բանդերասի ներուժն ու խարիզման ոչ մի կերպ չեն օգտագործվել ստեղծողների կողմից։
Մարկ Ուոլբերգը լավ տեսք ունի։ Բայց սա ստանդարտ Ուոլբերգն է՝ ո՛չ ավել, ո՛չ պակաս:
Թոմ Հոլանդը (անշուշտ տաղանդավոր դերասան՝ պայծառ ապագայով) այս ֆիլմում փորձում է հեռանալ մեկ դերակատարի կլիշեից, այն է՝ Սարդ-մարդուց:
Նրա խաղը երկակի տպավորություն է ստեղծում. մի կողմից պարզ երևում է, որ նա ջանք չի խնայում «բարեկամ հարևանի» հետ չառնչվելու համար, իսկ մյուս կողմից՝ հանդիսատեսը ոչ միայն չի կարողանում տեսնել Նեյթ Դրեյքի կերպարը Հոլանդի մեջ, այլ փնտրում և գտնում է նրա խաղում Փիթեր Փարքերի սովորություններն ու բնավորությունը։
Արդյունքում․
Կուլտային խաղերի սյուժեները իսկապես լավն են, բայց էկրանավորելիս դրանք զգալի ադապտացիա են պահանջում, ինչին կինոարտադրողները պարզապես ունակ չեն:
Խաղերի վրա հիմնված ֆիլմերը դեռ հատուկ անեծքի տակ են: Ցավոք, «Անչարթեդ»-ը չկարողացավ կոտրել այն։ Սա թեթև ադիբուդի բլոկբաստեր է, որը կարող է զվարճացնել, եթե լուրջ ակնկալիքներ չունեք:
Հաճելի դիտում
Նորայր Նազարյան