Ռուսական շոու-բիզնեսից հայտնի երգչուհի Զառան (Զառա Մգոյան) երբեք չի թաքցրել իր սերն ու նվիրվածությունը Հայաստանին: Ազգությամբ եզդի երգչուհին ծնվել է Սանկտ Պետերբուրգում, սակայն նրա ընտանիքն այնտեղ է տեղափոխվել Գյումրի քաղաքից: Մգոյանները երբեք չեն մոռացել Հայաստանում անցկացրած տարիների մասին, ու նույն սերը փոխանցել են նաեւ Զառային: NEWS.am STYLE-ի հետ բացառաիկ հարցազրույցում ռուսական շոու-բիզնեսի աստղը պատմել է մանկության շրջանում Հայաստան կատարած իր այցելությունների, հայ ընկերների, խոսել Հայկոյի մասին, ինչպես նաեւ՝ ներկայացրել է իր նոր՝ «Безумная» տեսահոլովակի գաղափարն ու տրամադրել նկարահանումների բեքսթեյջից էքսկլյուզիվ լուսանկարներ:
Անդրադառնալով Հայաստանի հետ իր խորը կապին՝ Զառան նշեց, որ միշտ առանձնահատուկ ջերմությամբ ու սրտի թրթիռով է մտածում մեր երկրի մասին:
«Վերջին անգամ Երեւանում ելույթ եմ ունեցել 4 տարի առաջ: Գաղտնիք չէ, որ իմ մանկությունը կապված է այս երկրի հետ: Ես իմ բոլոր ամառային արձակուրդներն անցկացրել եմ տատիկիս ու պապիկիս, իմ բարեկամների հետ, եւ եթե ընկերներիցս շատերն ուղեւորվում էին գյուղ, ինձ միշտ տանում էին հեռավոր, բայց շատ հարազատ Հայաստան՝ Լենինական (Գյումրի): Որքան տարի էլ, որ անցնի, ես միշտ ջերմությամբ եմ հիշելու իմ տատիկի տաքուկ ձեռքերը, հյուրընկալ սեղանը, նրանց տան թարմ լավաշի բույրը, Հայաստանի արեւը եւ սարերի հովը: Դա այն է, ինչ ինձ հետ հավետ կմնա»:
Տարիներ առաջ, կատարելով հայկական ամենահայտնի ու զգացմունքային ստեղծագործություններից մեկը՝ «Դլե յաման»-ը, Զառան հուզեց ոչ միայն իր հայ եւ ռուս, այլեւ՝ օտարազգի լսարանին:
«Առաջին անգամ այդ երգին ծանոթացել եմ դեռ մանկության տարիներին: Այն լսել եմ ինչպես տղամարդ վոկալիստների, այնպես էլ՝ լեգենդար երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի կատարմամբ: Դա հենց այն երգն է, որը միշտ հնչել է մեր տանը, արդյուքում՝ ինքս էլ ցանկացա այն կատարել, ու այդպես էլ արեցի: Անկեղծ կասեմ՝ չէի սպասում, որ նման արձագանքներ կստանամ տարբեր երկրների ներկայացուցիչներից: Հիմա ես այդ երգը կատարում եմ իմ տարբեր համերգներին, իսկ նախքան կատարումս խնդրում, որ հանդիսատեսից յուրաքանչյուրը միշտ հիշի իր արմատների մասին՝ իր հարազատ ու թանկ մարդկանց, այն վայրերը, որտեղ մեծացել է: Կարեւոր է, որ երբեք չմոռանանք, թե որտեղից ենք ծնունդ առել, ով է մեզ ձեւավորել: «Դլե յաման»-ը հենց այն երգն է, որը ներթափանցում է յուրաքանչյուրի հոգու մեջ»,-վերհիշելով իր կատարումը՝ ասաց երգչուհին:
Ինչ վերաբերում է մյուս հայկական սիրելի երգերին ու, առհասարակ, հայ կատարողներին՝ Զառան հավելեց.
«Ես տարբեր ազգերի երաժտությունն էլ լսում եմ ու զգում: Հայաստանում շատ երաժշտական մարդիկ են ապրում: Մարգարիտա Պոզոյանի ու Արծվիկի հետ, օրինակ, մենք շատ լավ ընկերներ ենք: Ինձ նաեւ շատ է դուր գալիս Սեւակ Խանաղյանը: Շատ էի տխրել, երբ Հայկոյի մահվան մասին ցավալի լուրն իմացա… Նա հրաշալի երաժիշտ էր, ես նրա արվեստի երկրպագուն եմ»:
Օրեր առաջ երգչուհին ներկայացրեց այս տարվա իր առաջին աշխատանքը. «Безумная» երգի հեղինակները Միխայիլ Գուցերիեւն ու Դարյա Կուզնեցովցան են, տեսահոլովակի ռեժիսորը՝ Timo-ն: Այն մինի ֆիլմ է՝ մեծ սիրո մասին:
«Այս ստեղծագործությունը մոտ է թե´ ինձ, թե´նրանց, ովքեր ունակ են ամբողջովին խորասուզվել կյանքի ամենակարեւոր զգացմունքի՝ սիրո մեջ: Երգի հեղինակներ Միխայիլ Գուցերիեւի եւ Դարյա Կուզնեցովայի հետ, որոնք հատուկ հենց ինձ համար էին գրել այն, երկար ենք աշխատել դրա վերջնական տարբերակի շուրջ: «Безумная» տեսահոլովակի պրեմիերայով ես ազդարարեցի իմ ստեղծագործական տարվա սկիզբը, եւ հուսով եմ՝ այս տարի իմ ունկնդիրը իմ կողմից կունենա նորանոր ու հետաքրքիր շատ գործեր»,- նշեց երգչուհին, եւ անդրադառնալով յուրահատուկ տեսահոլովակի բովանդակությանը՝ հավելեց,-«Երբեմն զգացմունքների ուժգնությունը ստիպում է, որ կամուրջներ այրենք, արդյունքում միակ ճիշտ որոշումը փոխզիջման գնալն է»:
Չշրջանցեցինք նաեւ Հայաստանում ելույթ ունենալու թեման. հարցին՝ արդյոք չի՞ ծրագրում մոտ ապագայում կրկին հանդես գալ հայ երկրպագուների համար, Զառան պատասխանեց.
«Հիմա շատ դժվար է ինչ-որ բան ծրագրելը, քանի որ համաճարակի պատճառով արտիստները ստիպված են իրենց աշխատանքը կատարել օդից կախված վիճակում: Բայց, իհարկե, ես շատ կցանկանայի հայ հանդիսատեսին ներկայանալ մեծ մենահամերգով, եւ վստահ եմ, որ դա անպայման իրականություն կդառնա»:
Սյունե Առաքելյան