2008 թ-ին նկարահանված «Մթնշաղ» ֆիլմն առաջին իսկ մասից սկսած հետաքրքրեց ֆանտաստիկ ժանրի սիրահարներին: Վամպիրների եւ մարդագայլերի մասին այս պատումը շատերին գերեց աննախադեպ եւ անսովոր սիրային պատմությամբ եւ հմայիչ հերոսներով: Ի դեպ, նրանցից է նաեւ Ջասպերը` մի փոքր սառը, բայց հմայիչ վամպիր, որը սիրահարվելով Էլիսին` փորձում է հաղթահարել մարդկային արյան ծարավը` համապատասխանելով Քալլինների ընտանեկան «սովորույթներին»:
Պակաս սիրված չէ նաեւ Ջասպերին մարմնավորող դերասան Ջեքսոն Ռեթբոունը:
NEWS.am STYLE-ն, ի դեպ, բացառիկ հարցազրույց է ունեցել ֆիլմաշարի սիրված վամպիրի հետ, որի ընթացքում Ջեքսոնը խոսել է Ջասպերին մարմնավորելու, իր երաժշտական կարիերայի, հրաշալի փոքրիկների, գռեհիկ տեսարաններում չնկարահանվելու եւ իր կյանքի վերջին շրջանի մեծագույն կորստի մասին:
32-ամյա դերասանի հետ մեր զրույցի մանրամասները ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:
—Ջեքսոն, տարբեր ֆիլմերում տարբեր կերպարների ես մարմնավորել, սակայն մարդիկ քեզ ավելի շատ ճանաչում են «Մթնշաղ» ֆիլմում Ջասպերի դերով: Ի՞նչ ես կարծում` ինչու այդ ֆիլմը դարձավ այդքան սիրված:
-Կարծում եմ` տվյալ ստեղծագործության գրքի հաջողությունը նպաստեց դրան: Սթեֆանի Մեյերը հրաշալի կերպարներ ու մի աշխարհ էր ստեղծել, որոնք մոտ են տարբեր հասարակություններում մեծացած մարդկանց սրտերին: Կարծում եմ` սրտի խորքում յուրաքանչյուրս էլ մի արտասովոր սեր ենք փնտրում, ինչը եւս նպաստեց այս ֆիլմաշարի հաջողությանը:
-Ջասպերի կերպարը բավականին սիրված է ֆիլմի երկրպագուների կողմից, իսկ դու` ինքդ, հաճույքո՞վ էիր մարմնավորում նրան:
-Եկեք անկեղծ ասենք` Ջասպերը «Մթնշաղ»-ի լավագույն կերպարն է (ծիծաղում է): Դե, իհարկե, իմ կերպարի դեպքում ես չեմ կարող օբյեկտիվ լինել: Ինձ դուր է գալիս նրա պատմությունը, որը, իրականում, շատ խորը եւ հետաքրքիր է (չհաշված ֆանտաստիկ էլեմենտները): Այն փաստը, որ նա դարձել էր «բուսակեր վամպիր» պայմանավորված էր նաեւ Էլիսի հանդեպ նրա սիրով: Բացի այդ` ինձ դուր էր գալիս նրան մարմնավորելը, որովհետեւ այդ ողջ ընթացքում կրում էի իմ ամենասիրելի կոշիկները (ծիծաղում է):
-Կհիշե՞ս քո առաջին նկարահանումը տեսախցիկների առջեւ: Ի՞նչ էմոցիաներ ունեիր այդ ժամանակ:
-Հմ, տեսախցիկի առջեւ…Այո, ես 18 տարեկան էի, եթե չեմ սխալվում, նկարահանվում էի ջինսերի գովազդային հոլովակում: Ամբողջ ընթացքում պետք է պարեի, ինչն ինձ համար շատ անսովոր էր: Իսկ հետո ամեն ինչ ավելի արտասաովոր դարձավ, երբ նրանք պետք է նկարեին ջինսերի լոգոները, իսկ իմ դեպքում լոգոն ուղիղ հետույքիս հատվածի վրա էր: Այսպիսով` տեսախցիկը շատ մոտ էր իմ հետույքին եւ ես պետք է այդպես ձիգ մնայի տեղում, մինչեւ նրանք կնկարահանեին տվյալ հատվածը (ծիծաղում է): Նկարահանող ամբողջ խումբը կենտրոնացել էր մարմնիս այդ հատվածի վրա, իսկ հետո…նրանք խնդրեցին ինձ այն շարժել: Չեմ կատակում, դիտեք հոլովակը (ժպտում է):
-Ու դրանից հետո սկսեցիր նկարահանվել եւ մարմնավորել տարբեր հերոսների: Ի դեպ, նրանցից ո՞ւմ ես ավելի շատ համակրում:
-Օհ, դե իհարկե, միանշանակ, Ջասպերին: Կցանկանայի էլ ավելի հեռուն գնալ նրա հետ: Նրա պատմությունը կարող է, ի դեպ, նոր ֆիլմի կամ հեռուստասերիալի թեմա դառնալ: Վատ միտք չեմ ասում, Սթեֆանի, հաշվի կառնես (ծիծաղում է):
Մյուս կերպարս, որին կառանձնացնեի, Դոք Դիքսոնն է: Այն դեռեւս անհայտ է երկրպագուներիս, քանի որ տվյալ ֆիլմը, որը կոչվում է «Heart, Baby!» դեռ էկրաններին չի հայտնվել: Այն իրական պատմություն է ներկայացնում եւ ես նկարահանման ողջ ընթացքում շփվել եմ իրական կերպարի հետ: Անհավանական տպավորություններ էին: Անհամբեր սպասում եմ, թե երբ են բոլորը տեսնելու այդ ֆիլմը:
Մյուս կերպարս, որին կառանձնացնեի, Դոք Դիքսոնն է: Այն դեռեւս անհայտ է երկրպագուներիս, քանի որ տվյալ ֆիլմը, որը կոչվում է «Heart, Baby!» դեռ էկրաններին չի հայտնվել: Այն իրական պատմություն է ներկայացնում եւ ես նկարահանման ողջ ընթացքում շփվել եմ իրական կերպարի հետ: Անհավանական տպավորություններ էին: Անհամբեր սպասում եմ, թե երբ են բոլորը տեսնելու այդ ֆիլմը:
-«Մթնշաղի» երկրպագուներից քչերը գիտեն, որ նաեւ երգում ես եւ հանդես ես եկել «100 Monkeys» խմբում: Ինչպե՞ս սկսեցիր զբաղվել երաժշտությամբ:
-Ավագ դպրոցում արդեն DJ էի աշխատում: Ես մեր քաղաքի սակավաթիվ DJ-ներից էի, այդ պատճառով էլ ավելի խորացա այդ մասնագիտության մեջ: Ինքս եմ նվագել թե մեր դասարանի ավարտական երեկոյին, թե հարսանիքներին, ծննդյան տոներին, տարբեր երեկույթներին…Հետո սկսեցի կիթառ նվագել եւ երգեր գրել, այնուհետեւ սկսեցի համագործակցել ջազ-փոփ երգիչ Ալեքս Բոյդի հետ:
Սկզբում զբաղվում էի անհատական կարիերայով, մինչեւ որ ինձ միացավ դպրոցական տարիների ընկերս, որի հետ էլ հիմնեցինք «100 Monkeys» խումբը: Հետո սկսեցինք փնտրել նոր անդամների…Բայց խումբը երկար կյանք չունեցավ, քանի որ այստեղ խոսեց ոմանց էգոն, ալկոհոլը, ցավոք սրտի նաեւ թմրանյութերը: Հիմա փորձում եմ նոր խումբ հավաքել, ինչպես նաեւ շարունակում եմ գրել նոր երգեր: Այժմ նաեւ աշխատում եմ իմ cover ալբոմի վրա, որտեղ ներկայացնելու եմ Սփենսեր Բելլի երգերը: Ձայնասկավառակից ստացված ողջ հասույթը նվիրաբերելու եմ մանկատներում քաղցկեղով տառապող երեխաների բուժմանը:
-Ցավոք սրտի` օրեր առաջ կորցրեցիր քեզ համար շատ հարազատ մի մարդու, «100 Monkeys» խմբի քո լավ ընկերոջը` Լոուրենս Աբրահամսին (Uncle Larry) (երաժիշտը հիվանդ էր քաղցկեղով): Հաստատ շատ հիշողություններ կունենաս նրա հետ կապված…
-Լոուրենս Աբրահամսը, իսկապես, Աստծո կողմից աշխարհին տրված մի մեծ պարգեւ էր: Նա ինձ սովորեցրել է ջազ, երաժշտություն, բացահայտել տիեզերական սիրո նշանակությունը: Նա թե ընկեր էր ինձ համար, թե ուսուցիչ: Ամենից շատ ինքն է ուրախացել իմ հարսանիքի օրը: Նույնիսկ, երկու անգամ փրկել է իմ կյանքը…Շատ կկարոտեմ նրան: Բայց հավատում եմ, որ մի օր, երբ լքեմ ֆիզիկական մարմինս, կհանդիպեմ նրան:
-Նշեցիր, որ շատ բաներ ես սովորել նրանից: Իսկ ո՞րն է եղել ամենակարեւոր խորհուրդը, որը նա երբեւէ քեզ տվել է:
-Գիտեք` չեմ կարողանում մտաբերել ամենակարեւոր խորհուրդը…Բայց նա հաճախ էր ասում. «Երաժշտությունն իր ուժով համախմբում է մարդկանց»: Նա կարող էր միեւնույն ժամանակ լինել եւ իմաստուն, եւ ծիծաղելի:
-Եթե դեմ չես, անդրադառնանք քո հրաշք փոքրիկներին` 5-ամյա Մոնրոին եւ Փրեսլի Բոուին, որը շուտով կդառնա 1 տարեկան: Ինչպիսի՞ հայրիկ է Ջեքսոն Ռեթբոունը:
-Ես շատ ակտիվ հայրիկ եմ (Ջեքսոնն ամուսնացած է իր վաղեմի ընկերուհի Շեյլա Հաֆսադի հետ): Ես չեմ ընդունում երեխաների վրա ֆիզիկական ճնշումը: Ես կարծում եմ, որ նրանց չարաճճիություններին պետք է ազնիվ պատասխանել եւ միայն խոսքով խրատել: Շատ ուրախ եմ, որ ժամանակիս մեծ մասը երեխաներիս հետ եմ անցկացնում: Տղաս Beatles-ի երաժշտության սիրահար է: Հաճախ ենք դնում եւ լսում նրանց երգերը, եւ ես սիրում եմ այդ ընթացքում բացատրել նրան, թե որ գործիքը երաժիշտներից ով է նվագում եւ որ երգը ով է գրել: Նրան դա դուր է գալիս:
Ինչ վերաբերում է դստերս` նա եւս սիրում է ռիթմը: Երբ նա լաց է լինում, ես սկսում եմ ռիթմով ծափահարել եւ նա միանգամից հանգստանում է:
-Քո հարցազրույցներից մեկում նշել էիր, որ մեծ ցանկություն ունես ֆիլմ նկարահանելու եւ քեզ նաեւ որպես ռեժիսոր փորձելու: Ստացվո՞ւմ է ինչ-որ բան այդ ոլորտում:
-Արդեն գրել եմ մի սցենար, որի հիման վրա ֆիլմ եմ նկարահանել, ինքս էլ խաղում եմ այդ ֆիլմում: Բայց առայժմ միայն փորձնական տարբերակով ենք նկարահանել այն: Սակայն դրա համար Vancouver Webfest-ի ժամանակ արդեն շահել ենք մրցանակ: Այժմ էլ մոնտաժում եմ իմ նկարահանած կարճամետրաժ ֆիլմը, որի սցենարը գրել էր Uncle Larry-ն: Այն Բրեյդեն Գ. Բելլ անունով մի երիտասարդ պոետի պատմության վրա է հիմնված:
-Գիտեմ, որ վերջերս նկարահանվել ես «Horseshoe Theory» կոչվող ֆիլմում: Այնտեղ մարմնավորում ես գլխավոր հերոսներից մեկին: Կբացահայտե՞ս որոշ մանրամասներ:
-Կերպարիս անունը Բոբբո է: Նա ազգայնամոլ է, որն ատում է կառավարությանը, այնքան, որ…լավ, եկեք շատ չխորանամ սցենարի մեջ, քանի որ դեռեւս իրավունք չունեմ շատ բաներ բացահայտելու: Կարող եմ ասել, որ ֆիլմի ռեժիսորն ու սցենարիստը Ջոնաթան Դենիել Բրաունն է, որին շատերը կճանաչեն Project X ֆիլմից: Իսկապես, մեծ հաճույք եմ ստացել ողջ աշխատանքային պրոցեսից: Իսկ ֆիլմի վերջն, ուղղակի… լավ, խոստացել էի, որ շատ չեմ խորանա (ծիծաղում է):
-Իսկ կա՞ այնպիսի ժանրի մի ֆիլմ, որում երբեք չես նկարահանվի:
-Երբեք չեմ նկարահանվի շատ էրոտիկ եւ բաց սեքսուալ տեսարաններ պարունակող ֆիլմերում, եթե ինձ չփոխարինի որեւէ կրկնորդ: Չկարծեք, թե մեղադրում եմ այն մարդկանց, որոնք նկարահանվում են նմանատիպ ֆիլմերում, բայց ինձ համար տհաճ է դիտել ֆիլմեր, որոնք հիմնված են այդ տեսարանների վրա: Չէ, ես այդքան էլ ամաչկոտ չեմ եւ չեմ խուսափում բաց տեսարաններից, ես, նույնիսկ, պատրաստ եմ ամբողջովին մերկ նկարահանվել, եթե ինձ ճաշակով նախագիծ առաջարկեն: Բայց չափազանց գռեհիկ տեսարաններում ինձ հաստատ չեք տեսնի:
-Ջեքսոն, «Մթնշաղը» բազմաթիվ երկրպագուներ ունի նաեւ Հայաստանում: Քո մաղթանքը` ֆիլմի հայ երկրպագուներին:
-Ցավոք, չեմ խոսում հայերեն, բայց իմ հայ երկրպագուներին ուզում եմ ասել` (ինձ չսիրողներին էլ է վերաբերում) սիրում եմ բոլորիդ եւ մաղթում եմ, որ 2017 թ-ը բարի լինի բոլորիդ համար: Եկեք համախմբվենք եւ անհաջողությունները հաղթահարենք սիրով եւ խաղաղությամբ: Աստված բոլորիդ պահապան:
Զրուցեց Սյունե Առաքելյանը