Մելբուռնի դաշնային դատարանում հրապարակվել է աշխարհի առաջին ռակետ Նովակ Ջոկովիչի ցուցմունքները Ավստրալիայի սահմանապահ ծառայությանը։ Սերբ թենիսիստը հաստատել է, որ պատվաստված չէ կորոնավիրուսի դեմ, փոխանցում է Marca-ն։ Սահմանապահ ծառայությունը չեղարկել է Ջոկովիչի մուտքի վիզան, սակայն դատարանը բավարարել է նրա բողոքարկումը եւ վերականգնել վիզան։
«Ես պրոֆեսիոնալ թենիսիստ եմ եւ Ավստրալիա եմ ժամանել Մելբուռնում Australian Open-ին մասնակցելու համար։
Ես չեմ պատվաստվել կորոնավիրուսի դեմ, բայց երկու անգամ վարակվել, առողջացել եմ՝ առաջին անգամ 2020թ․ հունիսին։ Երկրորդ անգամ դրական թեստ եմ ունեցել 2021թ․ դեկտեմբերի 16-ին»,- ասել է Ջոկովիչը։
Ավստրալիայի բաց առաջնության կազմկոմիտեն մասնակիցներին թույլ էր տվել նախորդ կես տարում կորոնավիրուսով վարակված լինելու դեպքում չպատվաստվել, սակայն Ավստրալիայի սահմանապահ ծառայությունը համարել էր, որ Ջոկովիչը սխալ է լրացրել վիզայի համար անհրաժեշտ փաստաթղթերը։