Նախաճաշին ո՞ր մթերքները կարող են օգտակար լինել սրտի համար: Այս մասին կարծիք են հայտնել սննդաբաններն ԱՄՆ-ից։
Ինչպես գրել է Eat This, Not That!-ը, մասնագետները խորհուրդ են տալիս ուշադրություն դարձնել վարսակի շիլային, բանջարեղենով օմլետին, ձվով եւ հատապտուղներով ամբողջահատիկ հացին։
«Վարսակի շիլայի մանրաթելերն օգնում են մաքրել օրգանիզմից ավելորդ խոլեստերինը: Բացի այդ, այն կերակրում է աղիների լավ բակտերիաներին եւ օգնում է վերահսկել ավելորդ քաշը եւ արյան մեջ շաքարի մակարդակը: Այս ամենը դրականորեն է ազդում սրտի առողջության վրա»,- ասում է սննդաբան Տրիստա Բեսթը:
Բանջարեղենային օմլետը, ըստ Բեսթի, օրգանիզմին կապահովի չափավոր քանակությամբ սպիտակուցներով եւ բջջանյութով։ Սակայն, ըստ Հարվարդի համալսարանի ուսումնասիրության, օմլետը այնպիսի մթամթերքով, ինչպիսին երշիկն է կամ բեկոնը, կարող է 42 տոկոսով մեծացնել սրտային հիվանդությունների ռիսկը:
Սննդաբան Ջանեթ Քոուլմանը նշել է, որ իր գործընկերները հաճախ հացը համարում են անառողջ մթերք, սակայն ամբողջահատիկ մթերքները՝ համակցված ձվի հետ, կարող են օգտակար լինել սրտի համար:
«Ամբողջահատիկ հացն օգնում է օրգանիզմից հեռացնել վնասակար խոլեստերինը, ուստի արժե այն օգտագործել սովորական սպիտակ հացի փոխարեն: Ձուն եւս նվազեցնում է խոլեստերինի մակարդակը օմեգա-3 չհագեցած ճարպաթթուների միջոցով»,- ասել է Քոուլմանը:
Նրա խոսքով՝ բացի խոլեստերինի դեմ պայքարելուց, ձվերով եւ հացահատիկի հացով նախաճաշը կօգնի ավելի երկար հագեցած մնալ եւ քիչ ուտել, ինչը լավ է սրտի համար:
Սննդաբան Մորգին Քլերը խորհուրդ է տալիս նախաճաշին ավելացնել հատապտուղներ, քանի որ դրանք պարունակում են հակաօքսիդանտներ, որոնք օգտակար են սրտի համար։
«Հատապտուղների մեջ պարունակվող պոլիֆենոլներն ու ֆոլաթթուները պաշտպանում են սիրտը եւ նվազեցնում սրտի հիվանդությունների վտանգը, իսկ երկաթն օգնում է բարելավել արյան շրջանառությունը», — ասել է Քլերը: