ՖԻԴԵ նախագահ․ Չեմպիոնական մրցամարտի վերաբերյալ Կարլսենի որոշման մասին կիմանանք մի քանի ամիս հետո

Շախմատի միջազգային ֆեդերացիայի նախագահ Արկադի Դվորկովիչը մեկնաբանել է աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենի հայտարարությունը, թե հաջորդ չեմպիոնական մրցամարտին կմասնակցի, եթե հավակնորդը լինի Ֆրանսիայի հավաքականի անդամ, 18-ամյա իրանցի Ալիռեզա Ֆիրուջան, որը գերազանցել է 2800-ի անհատական վարկանիշը։

«Մագնուս Կարլսենն ազատ է իր հայտարարություններում։ Հավանաբար, նա ծանրակշիռ պատճառներ ունի այդպիսի բան ասելու համար։ Ամեն դեպքում, նա շախմատից չի հեռանում։ Հակառակը՝ Կարլսենն ասել է, որ ձգտելու է 2900 անհատական վարկանիշի եւ հաղթանակների խոշոր մրցաշարերում։

Իսկ չեմպիոնական մրցամարտի վերաբերյալ նրա որոշման մասին կիմանանք մի քանի ամիս հետո։ Ոչ ոք ՖԻԴԵ-ի ստրուկը չէ։ Բայց ես հեռուն գնացող հետեւություններ չէի անի մեկ հարցազրույցից, հատկապես, աշխարհի չեմպիոնի մրցամարտի նման բարդ դիմակայությունից հետո»,- Դվորկովիչի խոսքը մեջբերում է kommersant.ru-ն։

Աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարը պետք է տեղի ունենա հաջորդ տարվա հունիսին, իսկ չեմպիոնական մրցամարտը՝ 2023թ․ առաջին կեսին։

Comments (0)
Add Comment