Իսպանիայի առաջնության առաջատար Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին գովել է թիմի խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչին չեմպիոն Մադրիդի «Աթլետիկոյի» հետ դիմակայությունում ցուցադրած գերազանց խաղի համար։
Իսպանիայի առաջնության 17-րդ տուրում «Աթլետիկոյի» նկատմամբ 2։0 հաշվով հաղթանակից հետո Անչելոտին ծափահարել էր 36-ամյա ֆուտբոլիստին եւ գրկախառնվել նրա հետ։
«Ես շնորհավորեցի Մոդրիչին փայլուն, դիտարժան խաղի կապակցությամբ։
Մոդրիչը վառ խաղ ցուցադրեց ե՛ւ գնդակով, ե՛ւ առանց գնդակի։ Նա շատ առանձնահատուկ խաղ ցուցադրեց»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է AS-ը։
«Ռեալը» 10 անընդմեջ հաղթանակ է տարել Իսպանիայի առաջնությունում եւ Չեմպիոնների լիգայում։ Արքայական թիմը 42 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 8 միավոր առաջ է երկրորդ տեղում ընթացող «Սեւիլիայից», որը մեկ հանդիպում քիչ է անցկացրել։