Ինչպես է միտումնավոր սուտը կործանում Հայաստանին

Չորեքշաբթի՝ ԱԺ-ում կառավարության հարցուպատասխանի ժամանակ, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ղարաբաղը դեռևս 2016 թվականից էր կորցրել Ադրբեջանի կազմից դուրս լինելու բոլոր տեսական և գործնական հնարավորությունները: Միայն Ալիևի այն հայտարարությունը, որ իրեն բանակցությունների կուլիսներում ստիպում էին հրաժարվել Ղարաբաղից, արդեն բավարար է, որ Փաշինյանին ստախոս անվանենք: Բայց եկեք «ադրբեջանական օրակարգ» չբերենք այս հոդվածի շրջանակներ, այլ մի քանի տրամաբանական վարժություն կատարենք:

Բանակցային գործընթացի մասնակիցները, բացի մեզանից, չորսն էին՝ Ադրբեջանը, Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները: Այդ չորսից ո՞վ և ի՞նչ պետք է աներ, որ հայկական կողմին ստիպեր հրաժարվել Ղարաբաղի կարգավիճակի վերաբերյալ իր դիրքորոշումից: Ադրբեջանի հետ գտնվում էինք (հիմա էլ ենք գտնվում) փաստացի պատերազմական վիճակում և քառօրյա պատերազմից միայն Ռուսաստանի միջնորդությամբ այն փրկվեց անդառնալի քաղաքական և ռազմատնտեսական կրախից: ՄԽ համանախագահ երկրների ճնշման տակ պայմանավորվածություն ձեռք բերվեց մշտադիտարկման և միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ներդնել, որով կարելի կլիներ ի սպառ վերջ դնել սահմանային միջադեպերին և պրովոկացիաներին, մերձբանակցային գործընթացներից դուրս կմղվեին ուժի կիրառման և ուժի սպառնալիքի բաղադրիչները, որոնք հիմնարար սկզբունք էին ողջ բանակցային գործընթացում: Ի դեպ, այդ մեխանիզմները հենց Փաշինյանը թողեց վերելակում: Եթե այս ամենին ավելացնենք ՌԴ ԱԳՆ վերջին պարզաբանումը «Լավրովի պլանի» վերաբերյալ, ապա Փաշինյանի ստախոսությունն ապացուցվում է նաև միջազգային մակարդակով:

Հասկանալի է, որ Նիկոլն անձնական կաշին փրկելու խնդիր ունի, բայց ինչո՞ւ է դա լուծում ստախոսությամբ: Այստեղ է թաքնված մեր խնդիրների մեծագույն գաղտնիքը: Նիկոլը նենգափոխում է ամեն ինչ ու ամեն տեղ, որովհետև դրանից բացի այլ ունակություն չունի: Հիմա էլ սա ապացուցենք:

Վերևում արդեն հերքեցինք, որ իրեն և իր կառավարությանը անդառնալի բանակցային ժառանգություն էր բաժին ընկել: Բայց եթե մենք սխալվում ենք, ապա ինչո՞ւ է Փաշինյանը հիմա՝ նույնիսկ այս վայրկյանին, ակտիվորեն համագործակցում այն ժամանակ մեզ լքած միջազգային գործընկերների հետ: Ամերիկա՞ն էր մեզ խաբում: Այդ դեպքում ինչո՞ւ է վազում «Հանուն ժողավրդավարության» գագաթնաժողովին՝ միայն նրա համար, որ Բայդենի ռոմանոսին աղ ցանի՞: Եթե այդ գագաթնաժողովին չեն մասնակցում Ռուսաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը, իսկ Հայաստանը մասնակցում է, ապա դա նշանակում է, որ մենք հանաձայն ենք, որ այդ երկրները ժողովրդավար չեն (հանուն արդարության ասենք, որ Թուրքիան և Ադրբեջանն իսկապես ժողովրդավարության հետ ոչ մի կապ չունեն): Այստեղից այլ հարց է ծագում՝ ինչպե՞ս ենք պատրաստվում այդ «ոչ ժողովրդավար» Ռուսաստանի հետ մասնակցել «3+3» ձևաչափով ինտեգրացիային: Այսինքն Նիկոլը ստո՞ւմ է Բայդենին, որ Ռուսաստանին ժողովրդավար չի համարում: Եթե մեր փրկությունը «3+3»-ն է, ինչու ենք աղաչում Մինսկի խմբին, որ կրկին միանա բանակցային գործընթացին:

Փաշինյանի ստախոսության հակումները ոչ միայն մենք ենք նկատում, այլև արտաքին գործընկերները: Հետևությունը մեկն է՝ «Հանուն ժողովրդավարության» հարթակում Նիկոլն ընկալվէլու է ոչ ժողովրդավարների գործընկեր, իսկ «3+3»-ում՝ որպես Ամերիկայի լրտես և մնալու է իր, սպորտային բառապաշարով ասած, «պրիոմի տակ», Հայաստանն էլ՝ իր հետ: Մի խոսքով՝ բացառապես ստում է, որպեսզի մնա Հայաստանի վարչապետ, այլապես ամեն ինչ կանի, որ Հայաստանը եբևէ վարչապետ չունենա:

Comments (0)
Add Comment