Չավի․ Մենք սկսում ենք զրոյից, այսօր սկսվում է նոր դարաշրջան եւ նոր փուլ

«Բարսելոնայի» իսպանացի գլխավոր մարզիչ Չավին մեկնաբանել է Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիայից» կրած 0։3 հաշվով պարտությունը Չեմպիոնների լիգայի խմբային մրցաշարի վերջին տուրի խաղում։ «Բարսելոնան» խմբում գրավեց երրորդ տեղը եւ պայքարը կշարունակի Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆում։ «Բավարիան» 6 հաղթանակ տարավ։

«Նրանք գերիշխում էին, թեեւ մենք ենք միշտ ցանկանում գերիշխել եւ թելադրել մեր խաղը, բայց այս անգամ ամեն ինչ հակառակն էր։ Մենք ավելին պետք է պահանջենք մեզնից։ Այս պարտությունը պետք է շրջադարձային պահ լինի, որպեսզի փոխենք դինամիկան։ Մենք մրցունակ չէինք, բայց սա Չեմպիոնների լիգան է։

Սա է մեր իրականությունը։ Մենք պետք է արժանապատվորեն վերաբերվենք այս իրավիճակին։ Այսօր սկսվում է նոր դարաշրջան եւ նոր փուլ։ Ես չարացած եմ, բայց սա է մեր իրականությունը, որն ինձ կատաղեցնում է։ Մենք պետք է ընդունենք իրականությունը եւ շարժվենք առաջ։ Մենք սկսում ենք զրոյից։ Մեր նպատակը Չեմպիոնների լիգան է, Եվրոպայի լիգան չէ։ Պետք է շատ աշխատել։ Ես սիրում եմ այս ակումբը եւ կտամ կյանքս, որպեսզի ամեն ինչ աշխատի այս ակումբում»,- Չավիի խոսքը մեջբերում է AS-ը։

«Բարսելոնան» 20 տարում առաջին անգամ չկարողացավ հաղթահարել Չեմպիոնների լիգայի խմբային փուլի արգելքը։ Երկրորդ տեղը գրավեց պորտուգալական «Բենֆիկան», որը 1 միավոր գերազանցեց «Բարսելոնային»։

Comments (0)
Add Comment