Կորոնավիրուսային վարակից բավական բարձր մահացությունը Հայաստանում պայմանավորված է թե պատվաստման ավելի ցածր ցուցանիշ ունենալու հետ, եւ թե ազգաբնակչության ընդհանուր առողջական վիճակի ու քրոնիկ հիվանդությունների բարձր տարածվածության հետ: Նման կարծիք լրագրողների հետ զրույցում արտահայտեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
«Այն ռիսկի ֆակտորները, որոնք ազդում են մարդու առողջության վրա, դա բարձր ճնշումն է, դա դիաբետն է, դրանք անգամներ ավելացնում են նույն քովիդի հիվանդացության պարագայում մահացության ռիսկը», — ասաց նախարարը:
Նրա խոսքով, հենց այդ պատճառով շատ կարեւոր է, որ քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք պատվաստվեն կորոնավիրուսի դեմ: Ոչ պակաս կարեւոր է նաեւ 65-ից բարձր տարիքի քաղաքացիների պատվաստումը:
Անահիտ Ավանեսյանի խոսքով, վերջին ամսվա ընթացքում 65-ից բարձր մարդկանց շրջանում պատվաստվողների թիվը կրկնապատկվել է: Պատվաստումների կարեւորության մասին ինֆորմացիան նրանց, նախարարի խոսքով, փորձում են հասցնել թե տեղեկատվական թերթիկների, եւ թե ՍՄՍ հաղորդագրությունների միջոցով: