Հայազգի հայտնի արվեստսգեստ, սիրված ռոք երաժիշտ, կոմպոզիտոր, ռեժիսոր եւ պրոդյուսեր Ստաս Նամինը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ համատեղ այսօր՝ նոյեմբերի 30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կներկայանա իր 70-ամյակին նվիրված հոբելյանական համերգով: Երեկոյի ընթացքում կհնչեն Նամինի «Աշունը Սանկտ Պետերբուրգում» սիմֆոնիկ սյուիտը, «Արատներ եւ սեր» բալետից «Առերեսում» հատվածը եւ Centuria S-QUARK սիմֆոնիան: Համերգը կղեկավարի ՀԱՖՆ-ի գեղարվեստական ղեկավար եւ դիրիժոր Էդուարդ Թոփչյանը:
«Ինձ համար մեծ պատիվ է, որ Էդուարդ Թոփչյանի պես մեծ դիրիժորը մի ամբողջ համերգ է նվիրում իմ ստեղծագործություններին: Համերգի առաջին հատվածում կհնչեն ռոմանտիկ, երկրորդում կլինեն ավելի բարդ ստեղծագործություններ»,-այսօր՝ համերգին նվիրված ասուլիսի ժամանակ նշեց Ստաս Նամինը,-«Երեկ եղել եմ համերգի փորձին ու շատ տպավորված եմ նվագախմբի աշխատանքով: Հաճելի է ու ուրախալի, որ ունեմ նման հրավեր, եւ որ Հայաստանում ինձ միշտ մեծահոգի մարդիկ են հանդիպում»:
Նամինի ոգեւորությունը կիսում է նաեւ Էդուարդ Թոփչյանը: Նա նշեց, որ հայազգի մեծանուն երաժշտի կողքին կանգնելն ու նրա հետ համագործակցելը իր եւ նվագախմբի համար էլ է մեծ պատիվ.
«Ստաս Նամինը ոչ միայն լեգենդար երաժիշտ է, այլեւ մեծ մարդ` ինչպիսին իր երաժշտության մեջ է, այնպիսին էլ կյանքում է: Նա ոչ միայն ստեղծագործում է, գրում բարդ երաժշտություն, այլեւ փայլուն լուսանկարիչ ու գեղանկարիչ է: Մեզ համար սա ոչ միայն պատիվ է, այլեւ՝ մեծ պատասխանատվություն»,-նշեց նա:
Ստաս Նամինը (Անաստաս Ալեքսեյի Միկոյան) ծնվել է 1951թ-ին Մոսկվայում: Նրա պապը՝ ԽՍՀՄ հայտնի պետական, քաղաքական գործիչ Անաստաս Միկոյանն է: Պապի հարազատ եղբայրը՝ Արտեմ Միկոյանը, լեգենդար խորհրդային ավիակոնստրուկտոր, ՄիԳ կործանիչի հեղինակն է: Նամինի հայրը գեներալ-լեյտենանտ, վաստակավոր ռազմական օդաչու էր, մայրը՝ Նամի Միկոյանը (Հարությունովա) ավարտել է կոնսերվատորիան իբրեւ դաշնակահար եւ տեսաբան:
Նամինի առաջին ուսուցիչը երաժշտության մեջ Առնո Բաբաջանյանն էր: Իսկ եկրորդը, ինչպես ինքն է նշում, Օհան Դուրյանը: Երաժիշտն այսօր էլ առանձնահատուկ խանդավառությամբ է խոսում նրանց մասին:
«Բաբաջանյանը մեր ընտանիքի լավ ընկերն էր, հաճախ էր լինում մեր տանը: Նա հրաշալի ու ջերմ անձնավորություն էր՝ անկեղծ ու հանճարեղ»,-հիշեց Նամինը ու կատակով հավելեց,- «Գիտե՞ք նա մի փոքր ալարկոտ էր, եթե այդ հատկանիշը չլիներ, հաստատ, ավելի շատ գործեր թողած կլիներ»:
Իր եւ Հայաստանի կապը Ստաս Նամինը «տարօրինակ» է համարում: Հայաստան կատարած իր այցից 35 տարի անց էր միայն տարիներ առաջ հրավեր ստացել այստեղ ելույթ ունենալու, բայց առանձնահատուկ սիրով ու հպարտությամբ է ասում՝ Հայաստանն առաջին երկրներից էր, որտեղ ռոքը զարգացում ապրեց:
Ի դեպ, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գլխավոր պրոդյուսեր Արման Պադարյանը չբացառեց, որ Նամինի հետ համատեղ հաջորդ համերգը, գուցե, հենց այդ ժանրում լինի:
«Հուսով եմ՝ այս համերգին կհաջորդեն շատերը: Միգուցե, հաջորդ անգամ ռոք համերգ կազմակերպենք ու նա նվագի իր հայտնի ու սիրված գործերից շատերը»,-իր խոսքում նշեց նա: