Հայաստանում կորոնավիրուսի օմիկրոն շտամի դեպքեր դեռ չեն գրանցվել. Ավանեսյան

Հայաստանում կորոնավիրուսի օմիկրոն շտամի դեպքեր դեռ չեն գրանցվել: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նրա խոսքով, վիրուսի շտամները իդենտիֆիկացնում են ոչ թե ՊՇՌ թեստավորման արդյունքում, այլ հատում հետազոտությամբ, որը նախատեսում է վիրուսի սեկվենավորում: Նման հետազոտություններ Հայաստանում անցկացվում են, եւ դրանք պարբերական բնույթ ունեն:

Նախարարի խոսքով, որոշ նմուշներ ուղարկվել են լաբորատորիա: Այս պահի դրությամբ, օմիկրոն շտամի դեպքեր Հայաստանում դեռ չեն գրանցվել, իսկ երբ այդ վիրուսը հայտնաբերվի, հանրությանն այդ մասին կտեղեկացնեն:

Կորոնավիրուսի նոր շտամի տարածումը, ինչպես հայտնի է, սկսել է Հարավաֆրիկյան Հանրապետությունից: Շտամը, նախարարի խոսքով, 50 մուտացիա է կրում, որոնցից 30-ը վերաբերվում են վիրուսի սպայկային սպիտակուցին: Այժմ մանրակրկիտ ուսումնասիրություններ են անցկացվում թե մի շարք երկրներում, եւ թե ԱՀԿ-ի կողմից, պարզելու համար, թե բացի տարածման ակտիվությունից ինչ այլ առանձնահատկություններ ունի այս նոր շտամը:

Comments (0)
Add Comment