Երեկ ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ ես հայտարարեցի, որ 2021-ի մայիսից ի վեր Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանների միջեւ դեմարկացիա եւ դելիմիտացիա իրականացնելու վերաբերյալ երեք առաջարկ է հնչել ՌԴ –ի կողմից եւ երեքն էլ մեզ համար ընդունելի են եղել եւ շարունակում են ընդունելի մնալ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Երեկ իմ հայտարարությունից հետո ՌԴ ՊՆ-ն դեմարկացիայի եւ դելիմիտացիայի նախապատրաստական փուլի վերաբերյալ հանդես է եկել առաջարկություններով: Ես ուզում եմ վերահաստատել, որ այդ առաջարկությունները մեզ համար ընդունելի են»,-ասաց նա:
Վարչապետը դիմեց ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանին՝ ասելով. «Խնդրում եմ Ռուսաստանի ձեր գործընկերոջ հետ ճշգրտեք մանրամասները եւ փորձենք իրագործել առաջարկները ՌԴ արած առաջարկների շրջանակներում եւ հիման վրա»:
«Շատ լավ»,-արձագանքեց Պապիկյանը: