Կալիֆոռնիայում ամուսնական զույգը բանտարկության է դատապարտվել՝ COVID-19-ի օգնության ֆոնդերի միջոցով անօրինական ավելի քան 20 միլիոն դոլար ստանալու համար, սակայն իշխանությունները նախ պետք է բռնեն նրանց:
43-ամյա Ռիչարդ Այվազյանը դատապարտվել է 17 տարվա, իսկ նրա կինը՝ 37-ամյա Մարիետա Տերաբելյանը՝ 6 տարվա ազատազրկման՝ բանկային խարդախության եւ փողերի լվացման համար, հայտնում է ԱՄՆ արդարադատության նախարարությունը։
Այս երկուսը փախուստի մեջ են, ինչի կապակցությամբ էլ հեռակա են դատապարտվել։ Դաշնային պաշտոնյաներն ասել են, որ օգոստոսի 29-ին նրանք անջատել են իրենց հետեւող ապարանջանները:
Դատավճիռը կայացնելու պահին դատավոր Սթիվեն Վ. Ուիլսոնը Այվազյանին բնութագրել է որպես «անսիրտ խարդախի, որը չի հարգում օրենքը», որը «խարդախությունը համարում է ձեռքբերում»։ Դատավորը հինգ տարվա ազատազրկման է դատապարտել նաեւ Այվազյանի եղբորը՝ 41-ամյա Արթուրին։
Հունիսի 25-ին դաշնային ժյուրին Ռիչարդ Այվազյանին, Արթուր Այվազյանին եւ Տերաբելյանին մեղավոր է ճանաչել բանկային խարդախություններ եւ էլեկտրոնային միջոցների օգտագործմամբ խարդախություններ կատարելու մեջ:
Ռիչարդ Այվազյանը եւ նրա եղբայրը դատապարտվել են նաեւ ծանրացուցիչ հանգամանքներում անձնական տվյալներ գողանալու համար։
Հետաքննությունների դաշնային բյուրոն Ռիչարդ Այվազյանի եւ Տերաբելյանի մասին տեղեկությունների համար մինչեւ 20 000 դոլար պարգեւ է առաջարկում։