Ռուսական «Голос»/«Ձայնը» նախագծի 10-րդ եթերաշրջանի «Կույր լսումներ» փուլի՝ օրեր առաջ կայացած թողարկման շրջանակում մրցույթի հաջորդ փուլ անցավ նաեւ հայազգի Սամվել Ազատյանը: 22-ամյա մասնակիցը կատարեց Մայքլ Ջեքսոնի Black and White հայտնի երգը եւ «ստիպեց» Ալեքսանդր Գրադսկուն շրջվել իր ելույթի ընթացքում, թեեւ ինչպես ժյուրիի մյուս անդամների՝ Դիմա Բիլանի, Պելագեայի ու Լեոնիդ Ագուտինի, այնպես էլ՝ Գրադսկու թիմն արդեն համալրված էր: NEWS.am STYLE-ի հետ զրույցում հայ մասնակիցը նշեց, որ ինքն էլ անակնկալի էր եկել Գրադսկու որոշումից: Նա նաեւ կիսվեց մրցույթից ստացած իր մյուս տպավորություններով:
Սամվելը հավելեց, որ մրցույթին մասնակցելու հայտը ներկայացրել էր հայրիկի խորհրդով:
«Հայտս ուղարկելուց հետո անցել էր որոշ ժամանակ, ու արդեն մոռացել էի տվյալ մրցույթի մասին, որովհետեւ ես, առհասարակ, տարբեր տեղեր հայտեր եմ ուղարկում: Չէի էլ սպասում, որ ինձ կհիշեն, բայց հրավիրեցին Մոսկվա մասնակցելու նախընտրական փուլին»,-ոգեւորությամբ հիշեց նա՝ խոստովանելով, որ նախապես չէր պատկերացնում, թե ում թիմում կարող էր հայտնվել՝ հաշվի առնելով այն փաստը, որ ժյուրիի բոլոր անդամներն արդեն կազմել էին իրենց թիմերը.
«Չէի մտածում՝ ում թիմից կլինեմ, բայց հաստատ գիտեի, որ ուզում էի երգել փոփ կամ R&B ժանրում: Շատ ուրախ եմ, որ ընտրեցինք Մայքլ Ջեքսոնի Black and White երգը, որն իմ սիրելիներից է: Այդ երգը փոքրուց եմ լսել, եւ այն կյանքիս ցանկացած փուլում արդիական է եղել: Մտածում էի, որ այդ կատարումով ես ավելի շուտ Բիլանի թիմում կհայտնվեմ, սակայն նրա թիմն արդեն համալրված էր, ու հենց Գրադսկին շրջվեց իմ ելույթի ժամանակ: Կարող եմ, միանշանակ, ասել, որ ինձ համար դա անսպասելի ընտրություն էր, բայց շատ հպարտ եմ, որ նման մեծ երաժիշտն ինձ ընտրեց, եւ, փաստորեն, ի դեմս ինձ՝ նա ունեցավ 13-րդ մասնակցին»:
Հայ մասնակցի խոսքով՝ երկրորդ փուլին էլ մեծ եռանդով է պատրաստվում.
«Կատարելու եմ մի երգ, որը նոր է ինձ համար, այն նախկինում երբեք չեմ երգել, բայց փորձել եմ ամբողջությամբ իմ ներսով անցկացնել»:
Սամվելը բնակվում է Երեւանում, պատմում է, որ երգում է 4 տարեկանից: Հաճախել է երաժշտական տարբեր խմբակների, ավարտել է Երգի պետական թատրոնն ու Երեւանի ջազային եւ էստրադային պետական քոլեջը: Նվագում է դաշնամուր եւ կիթառ, փոքր տարիքում զբաղվել է պարով: Երիտասարդ երգիչը նաեւ երգեր է հեղինակում, եւ ցանկանում է հենց իր հեղինակային երգերով ներկայանալ հանրությանը: «Փոքրուց կյանքս նվիրել եմ երաժշտությանը, ու ուզում եմ, որ այդպես էլ շարունակվի»,-ասում է նա: