Հակադեպրեսանտները նվազեցնում են COVID-19-ից մահանալու վտանգը. հետազոտություն

Սերոտոնինի հակառակ ընդգրկման սելեկտիվ ինհիբիտորների խմբի (ՍՀԸՍԻԽ)  հակադեպրեսանտների ընդունումը էապես նվազեցնում է մահվան վտանգը կորոնավիրուսային վարակից։ Այս մասին տեղեկացվում է հետազոտությունում, որի արդյունքները հրապարակվել են JAMA Network Open ամսագրում։

Կալիֆոռնիայի եւ Սթենֆորդի համալսարանների մասնագետներն ուսումնասիրել են ԱՄՆ-ում 500 000 պացիենտների (անանուն) էլեկտրոնային բժշկական քարտերի տվյալները։ Նրանցից 83 500-ի մոտ 2020թ. հունվար-սեպտեմբերի ընթացքում հայտնաբերվել է COVID-19։ ՍՀԸՍԻԽ հակադեպրեսանտներ են նշանակվել նրանցից 3400-ին։

Հետազոտողները համեմատել են այդպիսի միջոցներ ընդունողների մոտ COVID-19-ի հետեւանքները հսկիչ խմբի հիվանդների հետ, որոնք ընտրվել էին տարիքին, սեռին, ազգությանը եւ ուղեկցող հիվանդությունների առկայությանը համապատասխան։ Պարզվել է, որ ֆլուոկսետին ընդունողների մոտ մահանալու վտանգը 28 տոկոսով ավելի ցածր է եղել, քան հսկիչ խմբում։ Նրանց մոտ, ովքեր ընդունել էին ֆլուոկսետին կամ ֆլուվոկսամին՝ մեկ այլ ՍՀԸՍԻԽ հակադեպրեսանտ, այդ վտանգը ցածր էր 26 տոկոսով։ Ընդհանուր առմամբ, ցանկացած ՍՀԸՍԻԽ հակադեպրեսանտի ընդունում կորոնավիրուսի դեպքում կապված էր մահվան ռիսկի 8 տոկոս նվազման հետ։

«Էլեկտրոնային բժշկական քարտերի տվյալները թույլ են տալիս արագ գնահատել գոյություն ունեցող դեղերը, որոնք կարող են վերաորակավորվել COVID-19-ի եւ այլ հիվանդությունների բուժման համար»,- ասել է Կալիֆոռնիայի համալսարանի գիտաշխատող (Սան Ֆրանցիսկո) Տոմիկո Օսկոտսկին, որը աշխատանքի հեղինակներից մեկն է։

Հետազոտողների խոսքով՝ հակադեպրեսանտների այս խմբի արդյունավետության մասին վստահ խոսելու համար անհրաժեշտ են լայնածավալ ռանդոմացված կլինիկական հետազոտություններ։

Comments (0)
Add Comment