Երեւանի Շեքսպիրյան 15-րդ փառատոնի շրջանակում, ի թիվս մի շարք հյուրերի, Հայաստան է ժամանել «Կնեբել» թատրոնի եւ «MiSHiNLaB» թատերական լաբորատորիայի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր եւ խորեոգրաֆ Կոնստանտին Միշինը: Նա երեկ՝ նոյեմբերի 16-ին, հանդիպել է հայ ուսանողների հետ՝ նրանց համար նորովի բացահայտելով բեմական կեցվածքի գաղտնիքները:
NEWS.am STYLE-ի հետ զրույցում Միշինը տեղեկացրեց, որ առաջին անգամ է Հայաստանում, իսկ Երեւանն արդեն հասցրել է իրեն հիացնել.
«Զբոսնել եմ կենտրոնով, եղել Հանրապետության հրապարակում… Երեւանն ինձ տպավորել է իր ինքնատիպ կոլորիտով: Այն նման չէ մեկ ուրիշ քաղաքի»:
Միշինն առանձնահատուկ ոգեւորությամբ խոսեց հայ ուսանողների հետ վարպետաց դասի մասին՝ նշելով, որ սեղմ ժամկետում ցանկանում էր հնարավորինս արդյունավետ կետեր ներկայացնել.
«Իմ հիմնական կենտրոնացումը մարմնի ու տեքստի համադրությունն է: Վարպետության դասս էլ նվիրված է պլաստիկ երկխոսությանը, քանի որ կարծում եմ՝ մեր մարմինը հրաշալի գործիք է, որի միջոցով կարող ենք բացատրել այնպիսի բաներ, ինչպիսիք են կոնտակտը, ըմբռնումը, հաղորդագրությունը… Դասաժամս երկար չէր, բայց վստահ եմ՝ նույնիսկ կարճ ժամանակում կարելի է շատ պարզ ու հասկանալի բացատրել երկխոսության սկզբունքները: Ես վաղուց եմ զբաղվում մանկավարժությամբ ու համոզված եմ, որ այստեղ էլ ուսանողները կհասկանան ասելիքս: Առհասարակ, մարմինը ունիվերսալ գործիք է: Մարդու հետ պարելով էլ արդեն կարող ես նրան հասկանալ, ու այս առումով կարծում եմ՝ հետաքրքիր շատ բան կար փոխանցելու»,- ընդգծեց նա:
Շեքսպիրյան փառատոնի օրերին կանցկացվեն վարպետաց դասեր արտերկրից ժամանած այլ մասնագետների հետ եւս. նրանց թվում են՝ ՌԴ վաստակավոր արտիստ, Չեխիայի ազգային մրցանակի դափնեկիր, «Ոսկե դիմակ» փառատոնի դափնեկիր, ՌԴ պետական մրցանակի դափնեկիր Սերգեյ Ֆեդոտովը (ՌԴ), դերասանուհի Աուրելիե Իմբերտը (Ֆրանսիա) եւ Նովորոսիյսկի քաղաքային թատրոնի գեղարվեստական ղեկավար, «Տեատրալնայա Գավան» փառատոնի ղեկավար Եվգենի Կուշպելը (ՌԴ)։
Փառատոնը մեկնարկել է նոյեմբերի 15-ից եւ տեւելու է մինչեւ նոյեմբերի 20-ը:
Երեւանի Շեքսպիրյան միջազգային թատերական փառատոնը աշխարհահռչակ Եվրոպական Շեքսպիրյան փառատոների ցանցի անդամ է: 2016թ-ից փառատոնի տնօրենը Կարո Բալյանն է։
Սյունե Առաքելյան