Լոնդոնում այժմ ընթանում են «Թագ» սերիալի 5-րդ եթերաշրջանի նկարահանումները։ Ճիշտ է, արքայազն Ուիլյամին դա բոլորովին դուր չի գալիս։ Եվ ամբողջ բանը տեսարաններից մեկում է, որի նկարահանումները տեղի են ունեցել հենց դուքսի պատուհանների տակ։
Հայտնի է դարձել, որ նկարահանող խումբը ժամանել է Քենսինգթոնի պալատ՝ հենց արքայազն Ուիլյամի եւ Քեյթ Միդլթոնի պատուհանների մոտ, որպեսզի նկարահանի այն տեսարանը, երբ արքայադուստր Դիանան խախտել է թագավորական կանոնակարգը։
Նախօրեին Էլիզաբեթ Դեբիկին (հենց նա է սերիալում խաղում արքայադուստր Դիանայի կերպարը) նկատել են արքայադուստր Դիանայի հայտնի «վրեժխնդրության զգեստով»։ Հիշեցնենք, որ հենց այդ զգեստով է նա ներկայացել հանրությանը, երբ իմացել է արքայազն Չարլզի եւ Կամիլա Փարքեր-Բոուլզի դավաճանության մասին։ Խոսքը հենց այդ տեսարանի մասին է։
«Վրեժի» հանդերձանքն ամեն ինչում խախտում էր թագավորական արձանագրությունը։ Հույն դիզայներ Christina Stambolian-ի փոքրիկ սեւ զգեստ ՝ բաց ուսերով եւ խորը դեկոլտեով, ընդգծում էր արքայադուստր Դիանայի կազմվածքը: Առավոտյան այդ լուսանկարները եղել են բոլոր թերթերում։
«Արքայազն Ուիլյամը զայրացել է այդ որոշումից։ Նրանք կարող էին ընտրել ցանկացած այլ վայր տեսարանը վերստեղծելու համար։ Բայց նրանք նախընտրել են նկարահանել այն հարթակում, որը Ուիլյամը տեսնում է իր ննջասենյակի պատուհանից», — ասել է պալատին կից աղբյուրը։