Netflix սթրիմինգային վիդեո ծառայությունը Ռուսաստանում պատվիրել է երկրորդ սերիալի արտադրությունը: Նոր նախագիծը բացառիկ է վիդեոպլատֆորմի համար կարտադրի «Водород» կինոընկերությունը։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Netflix-ի մամուլի ծառայությունը։
«Սցենարը կարդալուց անմիջապես հետո պատմությունը գրավեց մեզ։ Մենք ուրախ ենք միանալ ռուսական անհավանական թիմին՝ Ռուսաստանում Netflix-ի համար երկրորդ սերիալը կյանքի կոչելու գործում: Սա յուրահատուկ հայացքով զարմանալի պատմություն է այն մասին, թե ինչպիսի աներեւակայելի բարդ եւ անսպասելի շրջադարձեր կարող են պատահել մարդու հետ կյանքի ճանապարհին: Մենք անհամբերությամբ սպասում ենք, թե երբ Netflix-ի հանդիսատեսը Ռուսաստանում եւ ամբողջ աշխարհում կկարողանա գնահատել այդ խորը հոգեբանական դրաման», — Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայի եւ Ռուսաստանի օրիգինալ սերիալների ուղղության տնօրեն Աննա Նագլերի խոսքերն են մեջբերել մամուլի ծառայությունում:
Սերիալում գլխավոր դերը կկատարի Ալեքսանդր Պետրովը, շոուրաները եւ սցենարիստներից մեկը Էդուարդ Հովհաննիսյանն է, որը 2020 թվականին ներկայացրել է «Չիկի» հաջողված բազմասերիանոց ֆիլմը:
Դրամայի սյուժեն կառուցվում է հանցագործության շուրջ, որի մեղավորը սերիալի գլխավոր հերոսն է՝ հայտնի անձնավորություն: Դրանից հետո նա ստիպված է եղել անցյալում թողնել իր դիրքը, եւ այժմ առջեւում «ամենօրյա փորձությունների անվերջ շարասյուն է, ինչպիսին նա չէր կարող պատկերացնել»։
Ռուսաստանում Netflix-ի առաջին օրիգինալ նախագիծը դարձել է «Աննա Կ» սերիալը՝ Լեւ Տոլստոյի «Աննա Կարենինա» դասական վեպի ժամանակակից մեկնաբանությունը։ Սերիալի պրեմիերան, որի գլխավոր դերում հանդես է եկել Սվետլանա Խոդչենկովա տեղի կունենա 2022 թվականին: