Երեկ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրակնիկ Քոչարյանը հայտարարեց, որ Հայաստանի զինված ուժերը չի կարող ամբողջ ծավալով միաժամանակ և՛ ծառայություն տանել, և՛ ինժեներական աշխատանքներ կատարել: Երկրի անվտանգության գլխավոր պատասխանատուներից մեկը խոստովանում է, որ մեր սահմանը բառացիորեն անպաշտպան է և հույսը ուսանողների ու հասարակության հայրենասեր շերտերի վրա է: Նա բառացիորեն կոչ արեց գործիքներ վերցնել և գնալ ինժեներական աշխատանքների:
Այս անպաշտպան և չկահավորված սահմանը արդեն մեկ տարեկան է, ամառվա տաք ու երկար օրերն արդեն ետևում են, և Անդոն՝ Քոչարյանը, հանկարծ հիշել է դրա մասին: Բայց դա չէ խնդրին անդրադառնալու պատճառը, թեև ամենևին երկրորդական խնդիր չէ: Օրեր առաջ ԱԺ նույն հանձնաժողովի անդամ Տիգրան Աբրահամյանին ՊՆ-ն հրաժարվեց առաջնագիծ թողնել, իբր նա չի տիրապետում առաջնագծում պահպանվող անվտանգության կանոններին կամ չի կարողանում ապահովել առաջնագծում տվյալ անձի անվտանգությունը:
Հիմա, երբ «բահի ու քլունգի ասպետ» Անդոն՝ Քոչարյանը, կոչ է անում հասարակ քաղաքացիներին բահ ու քլունգով առաջնագիծ գնալ, կարողանալո՞ւ է նրանց անվտանգությունն ապահովել, այդ կամավորները տիրապետո՞ւմ են առաջնագծում անվտանգության կանոններին: Եթե դա հնարավոր է անել հարյուրավոր կամ հազարավոր քաղաքացիների համար, ինչո՞ւ չարվեց բազմափորձ պատգամավորի համար, ով նաև պահեստազորի սպա է: Իսկ գուցե դա չարվեց, որովհետև սահմանի անմխիթար վիճակի մասին առաջինը և գուցե ավելի իրական գույներով կներկայացներ ընդդիմադիր պատգամավո՞րը: Սա էլ մի կողմ դնենք: Նույն հանձնաժողովը, արդեն չեմ հիշում, թե որերորդ անգամ, մերժում է Արթուր Ղազինյանի թեկնածությունը, իբր վերջինս չի ստորագրում գաղտնիքը չհրապարակելու վերաբերյալ հայտարարություն: Հիմա, երբ հարյուրավոր քաղաքացիներ կոչվում են սահմանագծին ինժեներական աշխատանքներ կատարելու, պահելո՞ւ են պետական գաղտնիքը, Անդոն՝ Քոչարյանը, այդ երաշխիքն ունի՞:
Երեկվանից սրա մասին եմ տածում ու հիմա հասկացա, որ սա թշնամուն ապակողմնորոշելու լավ մտածված մարտավարություն է: Այսինքն ՀՀ հայրենասեր քաղաքացիները կառուցում են մի առաջնագիծ, որի մասին նույն հայրենասերներն էստեղ-էնտեղ պատմում են իրենց ծանոթ բարեկամներին, խոսքը գնում, հասնում է Ալիևին ու Էրդողանին, իսկ նույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը գաղտնի պաշտպանական գիծ է կառուցում Վանաձոր-Դիլիջան կամ Աշտարակ-Ապարան բնագծում: Ասել էր, չէ՞, որ պաշտպանական նոր բնագիծը կա, բայց Թագուհի Թովմասյանի ու մյուս «անհուսալիների» համար անտեսանելի է: