Կլիենտի վարքի քաղաքական և կլինիկական գնահատականը

«Անտեղյակ» Ստալին խաղալով՝ Նիկոլ Փաշինյանը մոռանում է, որ Գերմանիայի հարձակման մասին «վոժդ»-ի անտեղյակության խորհրդային քարոզչական միֆն ամենևին իրականությանը չի համապատասխանում: Բայց սա Նիկոլի վկաների համար լիկբեզ չէ, դրա համար այլ ձևաչափ կա: Վերլուծելով պատերազմի վտանգի մասին Նիկոլ Փաշինյանի արտահայտությունները՝ ցանկանում եմ իմ ընթերցողի համար ավելի հեշտացնել Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողի քաղաքական և կլինիկական վարքին գնահատական տալը:

Հեռավոր գյուղի համայնքապետից մինչև ընդդիմադիր առաջնորդների դրամապանակի պարունակությունը կոպեկ առ կոպեկ «իմացող» ու անընդհատ հիշեցնող մարդը հանկարծ ընդամենը մեկ տարվա վաղեմության խիստ կարևոր տեղեկության մասին խոսում է «իմ հիշողության մեջ տպավորվել է» ձևակերպումով: Արդեն ակնհայտ է, որ այդ լպրծուն ձևակերպումը Փաշինյանի խոսքերը զրկում է արժանահավատությունից: Այդ օրերին նույնիսկ ամենաապաքաղաքական մարդիկ էին օդում վառոդի հոտն առնում: Ամեն օր ու ամեն ժամ առաջնագծից լուրեր էին սպրդում լրահոս, որ ադրբեջանական զինուժի կուտակումներ ու վտանգավոր մանևրներ են կատարվում: Ապրիլյան քառորյայից հետո մեր բանակի հետախուզությունը, որի ղեկավար և այժմ ՀՀ ՊՆ Արշակ Կարապետյանը հեռացվեց պաշտոնից, առավել քան զգոն էր, իսկ սահմանագծին գործում էին դիտարկման սարքեր և երկրի վարչապետն ու հնարավոր պատերազմի ժամանակ գերագույն գլխավոր հրամանատարը բացարձակ անուշադիր պետք է լիներ, իրավիճակին ադեկվատ գնահատական չտալու համար: Ի վերջո անհերքելի փաստ է, որ արդեն ռազմական գործողությունների սկզբից այնքան տեխնիկա և մարդուժ էր թշնամին նետել ռազմաճակատ, որ մեկ օրում կամ շաբաթում աննկատ կուտակել չէր կարող:

Ակնհայտ է, որ Փաշինյանը ստում է, որովհետև բոլորովին այլ բան էր ասում անցյալ տարվա հոկտեմբերի 14-ին, երբ պնդում էր, որ պատերազմը մեկնարկեց ոչ անսպասելի կերպով, որովհետև դեկտեմբերի 16-ին հայտարարեց, որ մինչև նախավերջին օրը ընդհանուր գնահատական է եղել, որ պատերազմ չի սկսվի: Բայց իր սուտն ի վերջո իր գլուխն ուտելու է և ես չէ, որ պետք է դրա մասին մտածեմ: Խնդիրն այն է, որ նրա սուտը՝ թե Ալիևի հետ ուղիղ կապ ունի, թե հնարավոր պատերազմի ժամանակ Թուրքիան չի խառնվի, թե հայկական բանակն իր ողջ պատմության ընթացքում ամենամարտունակ վիճակում է և այլն, փափուկ բարձ դրեցին խաբված ժողովրդի գլխի տակ: Իր ստերի զոհը ոչ թե իր զավակն էր, այլ նրան փրկելու համար զոհվող տղաները, նույն խաբված ժողովրդի այն զավակները, ովքեր սեփական զրահաբաճկոններով ու սաղավարտներով գնում էին բայրակթարների միս դառնալու:

Փաշինյանը դեռ երկար է ստերով կերակրելու իր քաղաքացիներին, որովհետև լռում են Օնիկ Գասպարյանն ու Դավիթ Տոնոյանը: Նրա մանիպուլյացիաները դեռ հալած յուղի պես են ընդունվելու, որովհետև Անդրանիկ Քոչարյանն ամեն ինչ անում է, որ պատերազմի քննիչ հանձնաժողովը ձևավորվի առանց Արթուր Ղազինյանի կամ այնպիսի ժամկետներում, որ դրա փաստերը հնարավորինս վերացվեն կամ արդեն էական վտանգ չներկայացնեն Փաշինյանի կառավարության և խմբակի համար: Ի վերջո Փաշինյանը ներսում դաշնակիցներ արդեն չունի և շարունակելու է ստել, քանի դեռ Թուրքիան ու Ադրբեջանը չեն հասել իրենց վերջնական հակահայկական նպատակներին և իրենց պաշտպանության տակ չեն առել նրա ֆիզիկական անվտանգությունը:

Comments (0)
Add Comment