Երկու տարիների փորձը ցույց է տալիս, որ լոքդաունները չեն կարող վերջնական արդյունք բերել կորոնավիրուսի դեմ պայքարում: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:
Նրա խոսքով, վարակի տարածումը կանխարգելելու համար դպրոցներում մեկ շաբաթ արձակուրդ է, նաեւ քննարկվում է այն եւս մեկ շաբաթով հետաձգելու հնարավորությունը: Իսկ բուհերը անցել են օնլայն դասերի ռեժիմին:
«Սա իհարկե օգնելու է, որ ընդհանուր շարժի պակասեցման պայմաններում մենք ունենանք վիրուսի տարածման զսպման արդյունք: Եւ 2 շաբաթ հետո, ես ձեզ վստահեցնում եմ, որոշակի մեղմում թվերում մենք կարձանագրենք», — ասաց Ավանեսյանը:
Նախարարի խոսքով, վարակի տարածումը կանխարգելելու համար շատ կարեւոր է նաեւ դիմակներ կրել: