Մադրիդի «Ռեալի» իտալացի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին խոսել է իր սպասումների մասին առաջիկա «Էլ Կլասիկոյից»։ Արքայական թիմը «Բարսելոնային» կհյուրընկալվի Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի խաղում։
«Իսպանիայի համար առանձնահատուկ հանդիպում է «Ռեալի» եւ «Բարսելոնայի» դիմակայությունը, որն առավել կարեւոր է ֆանատների համար։ «Էլ Կլասիկոն» միշտ անսովոր խաղ է։ Պատրաստվելու իմ մեթոդը առավելագույն հանգստությունն ու կենտրոնացումն է։
Գոհ եմ գործի նկատմամբ մեր բոլոր խաղացողների վերաբերմունքից, ես դա տեսնում եմ բոլոր մարզումների ժամանակ։ Թիմը կենտրոնացած է։ «Շախտյորի» դեմ մեր լավագույն խաղն էր։ Ամեն ինչ ստացվում էր, եւ մենք պետք է շարունակենք նույն ոգով։
Կարծում եմ՝ Կարվախալն ու Ազարը դուրս կգան խաղադաշտ։ Մենք դեռ ժամանակ ունենք ֆիզիկապես եւ տակտիկապես ավելի լավ պատրաստվելու համար։
«Բարսելոնան» վերադառնում է։ Նրանք ունեին բազմաթիվ խնդիրներ, բայց աստիճանաբար վերագտնում են իրենց ինքնությունն ու առաջադիմում են»,- Անչելոտիի խոսքը մեջբերում է մադրիդյան ակումբի մամուլի ծառայությունը։
«Բարսելոնա» — «Ռեալ» հանդիպումը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին եւ կմեկնարկի Երեւանի ժամանակով 18։15-ին։
8 խաղից հետո «Ռեալը» 17 միավորով երկրորդն է, «Բարսելոնան» 8 խաղում վաստակել է 15 միավոր եւ 7-րդն է։