Բրիտանական Daily Express պարբերականը կազմել է այն երկրների ցանկը, որտեղից կարող է սկսվել երրորդ համաշխարհային պատերազմը։ Ըստ հոդվածի հեղինակ Քայշի Լենգթոնի՝ այսօր աշխարհը վախենում է գլոբալ հակամարտությունից:
Առաջին հերթին, խոսքը միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ հնարավոր առճակատման մասին է։ Իրավիճակի սրման դեպքում Թեհրանը կարող է փակել Հորմուզի նեղուցը, որի միջոցով արտահանվում է աշխարհի նավթի 30 տոկոսը: Սա սպառնում է Վաշինգտոնի դաշնակիցների հետ հարաբերությունների վատթարացմամբ, ինչպես նաեւ նոր պատերազմով Սիրիայում եւ Եմենում:
Բացի այդ, ըստ հեղինակի, սեւ ոսկու պատճառով Իրանի ու Իսրայելի երկարատեւ դիմակայությունը կարող է վերածվել լայնածավալ հակամարտության։ Ինչպես նշում է հեղինակը, վերջին տարիներին վատթարացել են նաեւ ՆԱՏՕ-ի երկու դաշնակիցներ ԱՄՆ-ի եւ Թուրքիայի հարաբերությունները: Ավելի լուրջ հակամարտություն կարող է ծագել քրդերի շուրջ տարաձայնությունների, ինչպես նաեւ նախագահ Էրդողանի հավակնոտ ծրագրերի պատճառով: Լենգթոնի խոսքով՝ Սպիտակ տունը կարող է բախվել պատերազմական առճակատման ԿԺԴՀ-ի եւ Չինաստանի հետ: Փհենյանը շարունակում է զորավարժություններ անցկացնել եւ վերջերս ԱՄՆ նախագահին մեղադրել է «թշնամական քաղաքականության» մեջ: Հյուսիսային Կորեան զգուշացրել է, որ հակազդեցությունը ԱՄՆ-ին կհանգեցնի «շատ լուրջ իրավիճակի»: Ինչ վերաբերում է Չինաստանին, ապա բացի «առեւտրային պատերազմից», Վաշինգտոնի հետ հարաբերությունները սպառնում են սրվել՝ միջազգային ասպարեզում երկու երկրների ազդեցության աճի պատճառով: Բացի այդ, Լենգթոնը ենթադրում է, որ երրորդ համաշխարհային պատերազմը կարող է սկսվել Քաշմիրի վերաբերյալ Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ վեճերի պատճառով: Այս վեճն արդեն հանգեցրել է բազմաթիվ ահաբեկչությունների եւ անկարգությունների երկու երկրներում: