Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության հարակից բակում այժմ շինարարական աշխատանքներ են տեղի ունենում, որին միության անդամները դեմ են՝ պնդելով, որ շինարարությունն անօրինական է եւ հակասում է միության գործունեությանը: Միության նախագահ Հարություն Խաչատրյանի խոսքով՝ այգին պատմական նշանակության տարծաք է, որն ուղղակիորեն կապված է կինոյի տան պատմության հետ եւ մշտապես ծառայել է ինչպես Հենրիկ Մալյանի անվան թատրոնին, այնպես էլ՝ կինոյի տան մեծ դահլիճին:
«Այդ անօրինական շինությունը 2013 թ-ին քաղաքապետարանն օրինականացրել է, եւ այն անցել է ձեռքից ձեռք, հետո եկել է մի մարդ, որն ունի գարեջրատների ցանց, որի հետ աշխատում են ճարտարապետներ եւ դիզայներներ, որոնք նախկինում եղել են քաղաքապետրանի աշխատողներ, եւ նա, նույնիսկ, գումար է ուզում առաջարկել, որպեսզի մենք կաշառվենք եւ թույլ տանք, որ նա շարունակի կառուցապատման աշխատանքները»,-այսօր՝ հոկտեմբերի 19-ին կայացած ասուլիսի ժամանակ նշեց Հարություն Խաչատրյանը:
«Իմանալավ, որ նա պատրաստվում է շինություն կատարել՝ մինչ շինթույլտվություն տալը, մենք նամակ ենք գրել քաղաքապետարանին, որ հանկարծ դա չանեն, քանի որ դա կեղծված փաստաթղթերով գործողություն է, եւ մինչեւ դատարանով չպարզաբանվի (մենք դատարան ենք դիմել), շինարարություն չպետք է կատարվի: Բայց նրանք համաձայնություն տվել են, եւ այդպիսով կառուցելու են գարեջրատուն, որը պետք է նաեւ ֆուտբոլային խաղեր ցուցադրի: Պատկերացրեք՝ բակի մի կողմում Հենրիկ Մալյանի անվան թատրոնն է, մյուս հատվածում՝ «Շարմ» ընկերությունը, մյուս կողմում կինոյի տան մեծ դահլիճն է, կոնֆերանսների դահլիճը, բուխարու սրահը, որտեղ կինոարվեստի հարյուրավոր ներկայացուցիչներ են այցելել, ստորագրել են պատերին ու իրենց բարեմաղթանքներն ուղղել մեզ: Նախատեսում ենք նաեւ միության առաջին հարկում թանգարան բացել, որը հայկական կինոյի պատմության ամենակարեւոր կենտրոններից մեկը կլինի: Այս ամենն անհամատեղելի է գարեջրատան հետ»,-հավելեց Խաչատրյանը:
Նա շեշտեց, որ բազմաթիվ նամակներ են ուղղել քաղաքապետարան, խնդրել լուծել հարցը, բայց պատասխանը եղել է, որ ամեն ինչ օրինական է:
«Շատ տխուր պատմություն է իրականում, որովհետեւ այսպիսի մեծ հանցագործություն է, եւ մի ամբողջ կինոմիություն, մի ամբողջ շենք, (մեզ միանալու է նաեւ «Շարմը») չենք կարողանում ապացուցել մեր ճշմարտացիությունը»,-նշեց նա: