Ուրախ եմ, որ 20 տարեկաններում պայքարս ավարտեցի Եվրոպայի երրորդ չեմպիոնությամբ եւ այդ հաղթանակը նվիրում եմ մեր անմահ զոհերի հիշատակին:
Այս մասին NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում ասաց ծանրամարտի Եվրոպայի մինչեւ 20 տարեկանների չեմպիոն, 20-ամյա Կարեն Մարգարյանը:
Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում տեղի ունեցած ծանրամարտի մինչեւ 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Կարեն Մարգարյանը (81 կգ) երրորդ անգամ նվաճեց չեմպիոնի կոչումը։ Նա երկամարտում հավաքեց 330 կգ (153+177):
«Շատ ուրախ եմ, որ այս անգամ էլ հաղթեցի: Շատ լավ ստացվեց: Սպասված էր ինձ համար: Ոսկե մեդալի համար պայքարում էի թիմակցիս՝ Սուրեն Գրիգորյանի հետ, որը արծաթե մեդալ նվաճեց:
Հետաքրքիր հայկական դիմակայություն էր Ֆինլանդիայի մրցահարթակում, բայց ես կասեի՝ պայքար չէր, քանի որ ինձ համար տարբերություն չկար՝ ես կհաղթեի, թե Սուրեն Գրիգորյանը:
Այս հաղթանակին հասնելու համար շատ էի մարզվել: Աշխարհի երիտասարդական առաջնությունում, որը տեղի էր ունեցել մայիսին, զբաղեցրել էի երկրորդ տեղը: Դրանից հետո շատ էի աշխատել, որ Եվրոպայի առաջնությունում հաղթեմ:
Սպասված էր, շատ էի ցանկանում երրորդ անգամ Եվրոպայի չեմպիոն դառնալ: Ամեն մրցումից փորձ եմ ձեռք բերում: Յուրաքանչյուր հաջորդ մրցմանն ավելի հանգիստ եմ մասնակցում, շատ չեմ լարվում:
Այս առաջնությունով ավարտեցի պայքարս 20 տարեկաններում եւ մտնում եմ մինչեւ 23 տարեկանների պայքարի մեջ: Պետք է շարունակեմ լավ մարզվել, կիլոգրամներս ավելացնել, որպեսզի հասնեմ արդյունքների: Այժմ նոր խնդիր եմ դնում իմ առջեւ, որ լավ հանդես գամ նաեւ 23 տարեկաններում:
Եվրոպայի առաջնությունում հաղթանակս նվիրում եմ մեր անմահ զոհերի հիշատակին: Նաեւ նվիրում եմ ընտանիքիս, որոնք միշտ իմ կողքին են եւ քաջալերում են ինձ: Հպարտ եմ, որ իմ մարզումներով հասնում եմ արդյունքի եւ դրանով գնահատված եմ ու շրջապատս ուրախանում է ինձնով»,- ասաց Կարեն Մարգարյանը: