ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի միջև հոկտեմբերի 6-ին ԿԳՄՍՆ-ում ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր:
Հուշագիրը ստորագրել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ջինմարի Փափելյանը:
Նախարարության տեղեկացմամբ՝ ողջունելով ներկաներին և շնորհավորելով հուշագրի ստորագրման կապակցությամբ՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն ասել է, որ 2017 թվականից սկսված համագործակցությունն այս հուշագրով նոր փուլ է մտնում, ինչը հնարավորություն կտա թե՛ գյուղական, թե՛ քաղաքային դպրոցներում իրականացնել նախագծային ուսուցում:
«Սա համահունչ է հանրակրթության ոլորտում ունեցած մեր այսօրվա առաջնահերթություններին»,- նշել է փոխնախարարը՝ եզրափակելով, որ ԿԳՄՍՆ-ն պատրաստ է կատարել հուշագրից բխող բոլոր պարտականությունները:
Ըստ աղբյուրի՝ Շնորհակալություն հայտնելով համագործակցության համար՝ «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Ջինմարի Փափելյանը հայտնել է, որ թեև հիմնադրամը մեծ կազմակերպություն չէ, բայց ակնկալում են պետության հետ ծրագրերի իրականացման արդյունքում մեծ արդյունքի հասնել ու թափ հաղորդել Հայաստանում բնապահպանական արտադպրոցական կրթությանը:
«Մենք հավատում ենք, որ բնապահպանական կրթության ուղղությամբ հաջողություն կունենանք, եթե աշխատենք դպրոցականների հետ, նրանք էլ իրենց սովորածը կտանեն իրենց ընտանիքներ»,- համոզմունք է հայտնել Ջինմարի Փափելյանը:
ՀՀ ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են նաև, որ հուշագրի նպատակն է նպաստել բնապահպանական կրթության կարևորմանն ու առավել տարածմանը Հայաստանի Հանրապետության հանրակրթական (այդ թվում՝ նախադպրոցական) և մասնագիտական կրթության համակարգերում։