Լինեկեր․ Մրցակիցներին դժվար կլինի գերազանցել Մեսիին «Ոսկե գնդակի» համար պայքարում

Անգլիայի հավաքականի եւ «Բարսելոնայի» նախկին հարձակվող, ֆուտբոլային փորձագետ եւ հեռուստամեկնաբան Գարի Լինեկերը կանխատեսել է, որ ֆրանսիական ՊՍԺ-ի եւ Արգենտինայի հավաքականի 34-ամյա հարձակվող Լիոնել Մեսին այս տարի կարժանանա աշխարհի լավագույն ֆուտբոլիստի «Ոսկե գնդակ» մրցանակին։

«Մրցակիցներին դժվար կլինի գերազանցել Մեսիին «Ոսկե գնդակի» համար պայքարում։ Նա հրաշալի  անցկացրեց տարվա առաջին կեսը «Բարսելոնայում», իսկ ամռանը Արգենտինայի հավաքականի հետ նվաճեց Ամերիկայի գավաթը։

Կարծում եմ՝ «Ռեալի» ֆրանսիացի հարձակվող Քարիմ Բենզեման եւս պետք է լինի հավակնորդների ցուցակում։ Ես նրան շատ եմ հարգում»,- Լինեկերի խոսքը մեջբերում է իսպանական Marca-ն։

Ընթացիկ մրցաշրջանում Մեսին ՊՍԺ-ի հետ մասնակցել է 5 հանդիպման, խփել 1 գոլ։ Մեսին «Ոսկե գնդակի» 6-ակի դափնեկիր է։ Անցած տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով «Ոսկե գնդակի» մրցանակաբաշխություն չի անցկացվել։

Comments (0)
Add Comment