Վատացել է Ռուսաստանի ժողովրդական արտիստ Վալերի Գարկալինի վիճակը, որն ավելի վաղ հոսպիտալացվել էր կորոնավիրուսով, հայտնում է Տելեգրամյան «Mash» ալիքը։
Ալիքի տեղեկություններով՝ նախորդ գիշեր կտրուկ ընկել է սատուրացիայի մակարդակը։ Որոշում է կայացվել նրան վերակենդանացման բաժանմունք տեղափոխել, ուր արտիստին թթվածնի սարքի են միացրել։ Նա գիտակից վիճակում է։
Գարկալինի մոտ պնեւմոնիայի «ծայրահեղ» աստիճան է ախտորոշվել։ Նախկինում ախտահարված էր 67-ամյա դերասանի թոքերի 25-50 տոկոսը, իսկ այժմ խոսվում է 75 տոկոս ախտահարման մասին։
Միեւնույն ժամանակ, արտիստի դուստրը՝ Նիկա Գարկալինան, «5tv.ru»-ի հետ զրույցում չի հաստատել հորը վերակենդանացման բաժանմունք տեղափոխելու մասին լուրը։ «Նրանք ավելին գիտեն, քան ես»,- հարցին՝ արդյոք ճիշտ են լրատվամիջոցների տեղեկությունները արձագանքել է նա։
Գարկալինին հիվանդանոց են տեղափոխել հոկտեմբերի 2-ին։ Հաղորդվում էր, որ արտիստի հիվանդությունը զարգանում է սրտի հետ կապված քրոնիկ խնդիրների ֆոնին։