«Հայկոյին վերջին հաղորդագրությունն ուղարկել եմ սեպտեմբերի 19-ին. մինչեւ հիմա պահել եմ ու պահելու եմ». Արամո

Հայկոն շատ ինքնատիպ էր ու սկզբունքային։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է երգիչ Արամոն։

«Հայկոն մնաց այն երգիչը, այն երաժիշտը, որը մինչեւ վերջ պահեց այդ սանդղակը։ Վերցրեց ռոմանսների ճանապարհն ու գնաց այդ ճանապարհով։ Նշաձողից չիջավ»,- նշեց երաժիշտը՝ հավելելով, որ շատ է արժեւորում այդ գիծը։  «Բայց բոլորը սիրում էին նրա երգերը։ Փայլուն երաժիշտ էր, լավ գործիքավորումներ էր անում»,- ասաց երաժիշտը։

Արամոն նշեց՝ ցավում է, որ քաղաքից սիրո գույն գնաց։ Նա նշեց, որ Հայկոն շատ համեստ էր, հարգալից, գիտեր ձեռք մեկնել, նաեւ ինքնամփոփ էր։ «Շատ եմ ցավում»,- ասաց Արամոն։ 

Երաժիշտը հիշեց, որ վերջին հաղորդագրությունը Հայկոյին ուղարկել է սեպտեմբերի 19-ին․ «Տեսել էր, բայց երեւի չկարողացավ իմ հաղորդագրությանը պատասխանել, երեւի ֆիզիկապես…։ Մինչեւ հիմա պահել եմ ու պահելու եմ»։ Արամոն նշեց, որ այս տարվա ընթացքում շատ հարազատ ընկերների է կորցրել․ «Բոլորի համարները պահել եմ հեռախոսիս մեջ, չեմ հանելու, այդ թվում Հայկոյի համարը»։

Գրիշա Աղախանյանն էլ հիշեց՝ մեկ ամիս առաջ՝ 23 տարի հետո կրկին համագործակցել էին, նշել երգչի ծնունդը. «Մինչեւ նրա՝ հիվանդանոցում հայտնվելը, մեր ընկերությունը, կարծես, նոր շունչ առավ… Հայկոյին բոլորը գիտեն. Նա այն հատուկենտ մարդկանցից է, որին բոլորն էին սիրում, որովհետեւ նա շատ համեստ ու պարկեշտ անձնավորություն էր: Այդքան գործերի հեղինակ էր, բայց այդ մասին երբեք չէր բարձրաձայնում»,-նշեց նա:

Comments (0)
Add Comment