Դավիթ Տոնոյանի երկու ճանապարհը

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ԱԱԾ-ն ձերբակալել է անպիտան զինամթերքը թանկ գնով ձեռք բերելու համար: Ձերբակալվել է նաև այդ զինամթերքը մատակարարող ընկերության ղեկավարը՝ Պատրոն Դավոն: Այսինքն այդ զենքով Արցախում չկռվելուց, պատերազմում պարտվելուց մեկ տարի անց Հայաստանի իշխանությունները մեղավորներ են գտել կամ նշանակել:

Քիչ տրամաբանական է այն թեզը, որ 2018-ից հետո Հայաստանի «ամենասուրբ» վարչապետը «սխալմամբ» նշանակել է պաշտպանության մի նախարար, ով, լավ իմանալով, որ բանակի պահեստներում անպիտան ռազմամթերք կա, այն գնել է ի վնաս Հայաստանի Հանրապետության: «Ամենասուրբ» վարչապետը, ով «անողոք» պայքար է հայտարարել կոռուպցիային, չի կարողանում «համակերպվել» այն մտքի հետ, որ իր թիմակիցը կարող է թաթախված լինել կոռուպցիոն գործարքի մեջ: Բայց զարմանալու բան էլ չկա, որովհետև ոչ ոք չի մոռացել աներձագ Հրաչի ծխախոտային վոյաժները, Ալեն Սիմոնյանի եղբոր ճանապարհաշինական տենդերները, «Հայաստան» համահայկական հիմնադրամի փողերի սուսիկ-փուսիկ արտահոսքը պետբյուջե, պետբյուջեից հսկայական գումարների տրամադրումը որպես պետպաշտոնյաների պարգևավճար և այլն: Այսինքն 3 տարվա ընթացքում Հայաստանի իշխանություններն ու կառավարող խմբակը այնքան և այնպիսի ոլորտներում են կոռուպցիոն գործարքներ արել, որ բանակի զինամթերքի հարցում դժվար թե մատները չլպստեին: Այդպիսի մի աղաղակող դեպք «նորագույն» Օսա ԱԿ ՀՕՊ «մետալալոմի» ձեռքբերումն էր, որն իբր պետք է փակեր երկրի օդային տարածքը կամ Սու 30-ների անհրթիռ գործարքը: Զարմանալի է նաև, որ Դավիթ Տոնոյանին և մյուսներին վերագրվող այս վերջին դրվագը հայտնաբերվել է ենթադրյալ հանցանքը կատարելուց երեք տարի անց, այն դեպքում, երբ վարչապետի նկարի տակ հայհոյանք գրողներն են արդեն ձերբակալվում և հետապնդվում:

Այս տողերով չեմ արդարացնում Դավիթ Տոնոյանին, դա իմ գործը չէ, ոչ էլ ցանկություն ունեմ: Ավելին, իմ անձնական համոզմամբ նա պետք է պատասխան տա 44-օրյա պատերազմի խայտառակ ընթացքի ու հազարավոր կորուստների համար: Մանավանդ, որ ասպարեզից հեռացավ չափազանց «անգլիական» ձևով այն ժամանակ, երբ կարող էր շատ բացահայտումներ անել և երկիրը փրկել հետագա արհավիրքներից՝ թույլ չտալով վերարտադրվել Նիկոլ Փաշինյանին: Բայց դա հետո էլ կլինի: Հիմա նա երկու ճանապարհ ունի՝ նախաքննության ընթացքում լինել ազնիվ, իր հետ տանել նաև իր վարչապետին և դատարանի առաջ կանգնել որպես ապաշխարհած կամ լուռ խաղալ իրեն վստահված միզանսցենը, պահել իր սրտի վարչապետի «թույլ տեղերը» և հետագայում կանգնել արդար դատարանի առաջ՝ առանց մեղմացուցիչ հանգամանքների:

Գրում եմ, բայց ներքուստ հավատացած եմ, որ Դավիթ Տոնոյանն ընտրելու է երկրորդ տարբերակը, որովհետև տևական ժամանակ երկրից բացակայել ու վերադառնալ այն դեպքում, երբ ոչ մի երաշխիք չունես, որ ԱԱԾ մեկուսարանում չես հայտնվի … 

Comments (0)
Add Comment