Փաշինյանին դո՞ւր են գալիս Ալիևի հետ հանդիպման օրերը

Օրեր առաջ ՀՀ ԱԽՔ Արմեն Գրիգորյանը հույս էր հայտնել, որ պետք է տարանջատել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը Ադրբեջանի հետ հարաբերություններից և կարգավորել դրանք առանց նախապայմանների: Այստեղ՝ Հայաստանում, շատերը դա գնահատեցին որպես քաղաքական կարճատեսություն, սովորական պոպուլիզմ կամ Թուրքիային ուղղված հերթական պարտվողական «դրական» ազդակը: «Քայլականները», բնականաբար, դրա հետ համաձայն չէին ու լուտանք էին թափում այդպես պնդողների հասցեին: Բայց անմիջապես հետևեց Չավուշողլուի հայտարարությունը, որ բացեիբաց ասում է, թե Երևանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած քայլ Անկարան քննարկելու և ձեռնարկելու է Բաքվի հետ համատեղ: Անմիջապես դրան հաջորդեցին Ալիևի հայտարարություններն այն մասին, որ հայերը պետք է մոռանան վրեժի մասին, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Սյունիք ու Երևան, որ Լեռնային Ղարաբաղի հարցն այլևս հայ-ադրբեջանական բանակցությունների սեղանի չէ և, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար Հայաստանը նոր սահմանադրություն պետք է ընդունի: Այս վերջինը հենց այն նախապայմանն է, որ Թուրքիան և Ադրբեջանը դնելու են Հայաստանի առաջ: Նրանք դա անելու են հնարավորինս արագ, քանի դեռ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի վարչապետն է, քանի դեռ նա պատրաստ է գնալ ցանկացած զիջման, միայն թե պահպանի իր իշխանությունը և անվտանգությունը: Իսկ մեր թշնամիներն ի՞նչ են պահանջելու փոխել սահմանադրության մեջ: Այն, որ ՀՀ-ն ժողովրդավարական երկի՞ր է, թե՞ այն, որ Հայաստանի Սահմանադրությամբ ամրագրված են ցեղասպանության ճանաչումը և երկրի սահմանները: Թուրքական պետությունների կոկորդին կանգնած ցեղասպանությունը նրանց հանգիստ չի տալիս, իսկ Հայաստանի տարածքով միջանցք ունենալը աշխարհաքաղաքական նշանակություն ունի Թուրքիայի և Ադրբեջանի համար: Հայաստանի Սահմանադրության փոփոխության պահանջով նրանք ոչ միայն այդ հարցերն են լուծելու, այլև բառացիորեն միջամտում և ոտնձգություն են կատարում Հայաստանի սուվերենության նկատմամբ: Սա ակնհայտ ճշմարտություն է, որը չեն տեսնում միայն Փաշինյանը և իր խունտայի ներկայացուցիչները: Այլապես դրա մասին կբարձրաձայնվեր ՄԱԿ-ի ամբիոնից կամ պատասխան կտրվեր գոնե ԱԳՆ մակարդակով: Իսկ գուցե լավ էլ տեսնում են, բայց հանաձայն են դրա հետ և առաջիկայում նո՞ր «բանավոր ըմբռնումներ» կլինեն: Սպասենք, Ալիևն արդեն համաձայնվել է հանդիպել Փաշինյանի հետ, իսկ վերջինս էլ դեմ չէ՝ նրան դուր են գալիս այդ հանդիպումների օրերը:

Comments (0)
Add Comment