Մեկ տարի առաջ ադրբեջանական բանակը, թուրքական հատուկ ջոկատայինների եւ սիրիացի ջիհադիստների աջակցությամբ, որոնք գործում էին որպես թուրքական վարձկաններ, անակնկալ հարձակում իրականացրեցին Լեռնային Ղարաբաղի վրա: Չնայած Ադրբեջանն իր գործողություններն արդարացրեց նրանով, որ միջազգային հանրությունն այդ տարածքը որպես ադրբեջանական է ճանաչել, իրավիճակն ավելի բարդ էր, գրում է Մայքլ Ռուբինը National Interest-ում:
Իրավաբանական տեսանկյունից, թերեւս՝ Վաշինգտոնի տեսանկյունից, Ադրբեջանի գործն այդքան էլ միանշանակ չէ, ինչպես պնդում են դրա կողմնակիցները: Նախ, Միացյալ Նահանգները շարունակում է Հայաստանի Հանրապետությունն օկուպացված երկիր համարել այն բանից հետո, երբ Իոսիֆ Ստալինը խախտեց դրա սահմանները եւ այն ներառեց Խորհրդային Միության կազմում: Բացի այդ, երբ 1991-ին Խորհրդային Միության փլուզումից հետո Ադրբեջանը վերահաստատեց իր անկախությունը, դրա խորհրդարանը դա արեց՝ հիմնվելով առաջին անկախ Ադրբեջանի Հանրապետության սահմանների վրա, այլ ոչ թե Ադրբեջանի Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքի վրա: Երրորդ, ինքնավար մարզի բնակչությունը քվեարկեց Ադրբեջանի վերահսկողությունից դուրս գալու օգտին, ինչը սահմանադրորեն օրինական էր:
Բաքուն Մինսկի խմբի գործընթացի շրջանակներում պարտավորվեց տարածքային վեճը լուծել դիվանագիտական ճանապարհով: Մինչ ադրբեջանցի դիվանագետներն ասում էին, որ առաջընթացն ապարդյուն է, դա սուտ էր. Մինսկի խմբում լայն կոնսենսուս կար հավանաբար սկանդինավյան երկրներից խաղաղապահների ուղարկման, ինչպես նաեւ՝ վստահության աճին զուգահեռ Հայաստանի կողմից ադրբեջանական շրջանների հնարավոր վերադարձի հարցում: Այնուամենայնիվ, Ադրբեջանի բռնապետ Իլհամ Ալիեւի՝ հարձակման հրահանգից վեց ամիս առաջ ԱՄՆ Պետքարտուղարությունը երկարաձգեց «Ազատության աջակցության ակտի» 907-րդ հոդվածի կասեցումը, ինչն ԱՄՆ-ին թույլ տվեց օգնություն տրամադրել Ադրբեջանին: Մերժման պատճառն Ադրբեջանի հանձնառությունն էր դիվանագիտական գործընթացին:
Ադրբեջանի գործողություններն անակնկալ էին ոչ միայն հայերի, այլեւ ամերիկացիների համար՝ դառնալով հետախուզության ձախողումը, որը մինչ այժմ չի հետաքննվել ոչ Կոնգրեսի, ոչ էլ ամերիկյան հատուկ ծառայությունների ավելի լայն համայնքի կողմից: Ոչ մի ազնիվ վերլուծաբան չի կարող անտեսել այն փաստը, որ ներխուժումը համընկավ Հայաստան Օսմանյան կայսրության ներխուժման հարյուրամյակի հետ: Դա պատահական չէր, այլ՝ միտումնավոր: Պարզ ասած, Ադրբեջանի եւ Թուրքիայի այս քայլն առաջին համազարկը դարձավ նրա, ինչը, ինչպես հույս ունեին երկու երկրների ղեկավարները, հավասար կլինի Հայոց ցեղասպանության 2.0 տարբերակին:
Ներխուժումից հետո պետքարտուղարությունը՝ պետքարտուղար Մայք Պոմպեոյի, իսկ ավելի ուշ՝ Էնթոնի Բլինքենի գլխավորությամբ, Միացյալ Նահանգները վերադարձրեց դիվանագիտությանը: Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերը վերադարձավ տարածաշրջան՝ փորձելու սկսել զարկ տալ դիվանագիտությունը:
Ցավոք, Բլինքենը եւ նախագահ Ջո Բայդենը սխալ թույլ տվեցին: Բայդենը ճիշտ էր՝ պաշտոնապես ճանաչելով Հայոց ցեղասպանությունը: Սակայն հաջորդ օրը Բլինքենը կրկին երկարացրեց 907 ուղղման կասեցումը՝ փաստացի պարգեւատրելով Ադրբեջանին ագրեսիայի համար: Բլինքենի այս քայլը խախտեց ԱՄՆ օրենքը՝ չնայած Կոնգրեսը չափազանց զբաղված էր՝ նրան քրեական պատասխանատվության ենթարկելու եւ ստիպելու համար չեղարկել որոշումը: Թեեւ ազգային անվտանգության խորհրդատուներ Ջեյք Սալիվանը եւ Բլինքենը կարող էին մտածել, որ ձիթենու ճյուղը հարմար է՝ Ադրբեջանին սեղանի շուրջը պահելու համար, ի վերջո այն զրկեց Ամերիկային ամեն ինչից եւ հեռագրեց Ալիեւին Միացյալ Նահանգների թուլության մասին:
Անցած վեց ամիսների համառոտ ակնարկը ցույց է տալիս, որ ամերիկյան պասիվությունը նպաստում է Ադրբեջանի ագրեսիայի ուժեղացմանը: 2021 թվականի մարտի 25-ին ադրբեջանցի զինվորները քարեր նետեցին հայկական քաղաքացիական ավտոմեքենաների ուղղությամբ Արցախի Ասկերանի շրջանի Սարուշեն-Կարմիր-Շուկա ճանապարհին: Երեք օր անց ադրբեջանական զորքերը դարանակալեցին 44-օրյա պատերազմում զոհված հայ զինվորների դիերը տեղափոխող հայկական ավտոմեքենան: Չնայած կրոնի ազատությունը հարգելու Ադրբեջանի դիվանագիտական խոստումներին՝ ապրիլի 26-ին երեք ադրբեջանցի զինվորական ծեծի ենթարկեցին հայ քահանային Արավուս գյուղում: Երկու օր անց ութից տասը ադրբեջանցի քաղաքացիական հագուստով ներթափանցեցին բուֆերային գոտի երկու կողմերի միջեւ՝ նախքան հայկական ուժերը դուրս մղվեցին նրանց: Ըստ էության, Ադրբեջանի մշտական ստուգումները եւ ներթափանցման փորձերը, կարծես, վերցված են Հարավային Կորեայի նկատմամբ Հյուսիսային Կորեայի քաղաքականությունից:
2021 թվականի մայիսին այդպիսի խախտումների թիվն ավելացավ: Ադրբեջանում սկսվեց լիբանանահայ Վիկեն Էյլչեքջյանի դատավարությունը, ով առեւանգվել էր Ադրբեջանի զինված ուժերի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ին հրադադարից հետո. նա շարունակում է մնալ բանտում: 2021 թվականի մայիսի 12-ին ադրբեջանական զորքերը երկու մղոն առաջ անցան Սյունիքի մարզում գտնվող հայկական տարածքում՝ Սեւ Լիճը գրավելու համար: Սահմանների նման միակողմանի «ճշգրտումները» շարունակվում էին անեւ հաջորդ օրերին: Օրինակ, մայիսի 14-ին Ադրբեջանի Զինված ուժերը եւս 300-400 մետր առաջ գնացին Վարդենիսի ուղղությամբ: Ադրբեջանական ուժերը հայ զինծառայողների ուղղությամբ շարունակում էին կրակել նաեւ Գեղարքունիքի մարզում:
Ամերիկայի կողմից որեւէ լուրջ դիվանագիտական դիմադրության բացակայությունն Ալիեւին ավելի ագրեսիվ դարձրեց: Հունիսին ագրեսիան կրկին ուժեղացավ: Ադրբեջանցի զինվորները, որոնք գուցե սովատանջ էին ադրբեջանցի պաշտոնյաների կողմից ռազմական տեխնիկայի յուրացումից, սկսեցին կրակել Հայաստանի հովիվների վրա եւ գողանալ նրանց անասուններին: Հայ զինվորները կանխեցին Գեղարքունիքի մարզում հովիվից ձի գողանալու հերթական փորձը: Եվ հայերը միակ զոհը չեն: 2021 թվականի հունիսին ադրբեջանցի զինվորները սպառնացին մահապատժի ենթարկել իսպանացի լրագրողներին, որոնք ռեպորտաժ էին վարում սահմանի հայկական կողմից: Քանի որ Բայդենի վարչակազմը լռություն էր պահպանում, Ադրբեջանը ուժեղացրեց հարձակումները: Օրինակ՝ հրազենից դիպուկահար կրակը ականանետային կրակի վերածվեց, իսկ հրադադարը կարճ տեւեց: Օգոստոսին ադրբեջանական ուժերը որդեգրեցին «Իսլամական պետության» մարտավարությունն Իրաքում եւ Սիրիայում եւ սկսեցին հրկիզել հայկական ցանքատարածությունները ու մարգագետինները:
Թե՛ Արցախի օմբուդսմենի գրասենյակը, թե՛ Կոլումբիայի համալսարանի մարդու իրավունքների ուսումնասիրության ինստիտուտը սկսել են նման հարձակումները փաստող ապացույցների հավաքումը: Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է նաեւ իր զինծառայողների մահվան դեպքերի մասին:
Սակայն, թերեւս, ամենամեծ վիրավորանքն Ադրբեջանին հայ ռազմագերիների պահումն ու նրանց խոշտանգումներն են: Թեեւ Պետդեպարտամենտը կարող է ժամանակ առ ժամանակ վերադառնալու կոչ անել՝ ադրբեջանցի պաշտոնյաները մերժում են այդ կոչերը նույնքան պատրաստակամորեն, որքան թալիբները: Ի վերջո, երբ Բլինքենը հրաժարվում է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներից՝ թույլ տալով ամերիկյան ֆինանսավորման հոսքը դեպի Բաքու, ինչո՞ւ պետք է Ալիեւը լուրջ վերաբերվի ամերիկյան հայտարարություններին:
Բայդենը կամ Բլինքենը չեն կարող ակնկալել, որ Ռուսաստանը կամ Թուրքիան լուրջ կվերաբերվեն իրենց, երբ Բլինքենը Ռուսաստանից չի պահանջում հրապարակել իր խաղաղապահ եւ մոնիտորինգային օպերացիաների մասին զեկույցները, ինչը, որպես Մինսկի խմբի անդամ, այն պարտավոր է անել: Բայդենը դեռ լուրջ քայլեր չի ձեռնարկի Թուրքիայի դեմ՝ անօդաչու թռչող սարքերում ամերիկյան կոմպոնենտների օգտագործման համար, որն այն օգտագործում է ոչ միայն հայերի, այլեւ քրդերի եւ, հնարավոր է, նույնիսկ Տիգրայի քրիստոնյաների դեմ:
Բայդենն ու Բլինքենը գուցե թքած ունեն ամերիկյան հեղինակության վրա, բայց դա միակ բանը չէ, որ վտանգված է Հարավային Կովկասում: Ադրբեջանը եւ Թուրքիան հարձակում սկսեցին Լեռնային Ղարաբաղի դեմ՝ շարունակելու ավելի քան մեկ դար առաջ սկսված օսմանյան նախագիծը: Լռությունը ոգեշնչում է նրանց եւ մյուսներին: Նրանց էթնիկ զտումների նախադեպը եւ դրան լուրջ արձագանքի բացակայությունը կարող են ապակայունացնել Հարավային Կովկասից այն կողմ գտնվող տարածաշրջանները:
Նույնը վերաբերում է Ամերիկայի լռությանը Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից սիրիացի ջիհադիստների օգտագործման կապակցությամբ: Բայդենը եւ Բլինքենը պետք է ցույց տան, որ սա կարմիր գիծ է: Նաեւ անիմաստ է ֆինանսապես պարգեւատրել Ադրբեջանին, երբ այն այլեւս կայուն եւ հանդուրժող դաշնակից չէ, ինչպիսին ժամանակին համարվում էր, այլ ավելի ակտիվ գործունեություն է վարում ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Իրանի հետ: Ժամանակն է պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ, քանի դեռ Ալիեւը չի վերադարձրել վերջին հայ ռազմագերուն, փոխհատուցում չի վճարել իր ագրեսիայի համար եւ պատասխանատվության չի ենթարկել յուրաքանչյուր ադրբեջանցի զինվորի, ով նկարահանում էր հայերի խոշտանգումը կամ մշակութային ժառանգության ոչնչացումը: