«Հրեշը լուսնի վրա» ներկայացման առաջնախաղը, դերասանների հույզերն ու պրեմիերային ներկա հայտնի հյուրերը (ֆոտո)

Սեպտեմբերի 22-ին եւ 23-ին Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնի բեմում տեղի ունեցավ Ռիչարդ Կալինոսկու «Հրեշը լուսնի վրա» պիեսի հիման վրա ներկայացումը: Ստեղծագործության հիմքում Հայոց ցեղասպանությունից փրկված երկու հերոսների՝ Արամի ու Սեդայի պատմությունն է. նրանց մարմնավորում են Մկրտիչ Արզումանյանն ու Թամարա Գեւորգյանը: Ներկայացման ռեժիսորը Կարո Բալյանն է:

Ռեժիսորը չի հիշում՝ ինչպես են քննարկումների արդյունքում որոշել ներկայացնել Կալինոսկու տվյալ ստեղծագործությունը, բայց նշում է՝ տվյալ գործին միշտ է  առանձնահատուկ վերաբերվել.

Դերասան Մկրտիչ Արզումանյանը խոստովանեց՝ Արամին մարմնավորելը հեշտ չէ, բայց ուրախ է ունենալ այդ լրջագույն կերպարն իր խաղացանկում.

«Այս գործը հրաշալի կառուցվածք ունի, հերոսների շփումը շատ վարպետորեն է գրված, ինչը կարողացանք հրաշալի ներկայացնել ռեժիսոր Կարո Բալյանի շնորհիվ: Սա շատ ծանր աշխատանք է: Պրեմիերային նախորդող օրերին հնարավորինս  ոչնչով չեմ զբաղվել, որպեսզի առավելագունը նյութին տիրապետեմ ու զգամ կերպարին: Շատ հուզված եմ ու հուսով՝ հանդիսատեսը հավանեց»,-նշեց դերասանը՝ հավելելով, որ աշատանքի մեջ ամենաբարդը հենց թեման էր.

«Սա պատմություն է երկու հայի մասին: Շատ ուրախ եմ, որ հնարավորություն ունեմ այս ամենը զգալու, որովհետեւ շատ լուրջ գործ է, շատ դրամատիկ դեր է: Հիմքում կորսված ընտանիքն է, պարզվում է՝ բոլոր մարդիկ էլ ունեն այդ վախը: Բայց ամեն ինչ մարդու համար է՝ թե ուրախությունը, թե վախը, թե տխրությունը: Արամին մարմնավորելը շատ հետաքրքիր է: Կերպարի շուրջ երկար ենք աշխատել. Տարբեր քննարկումներ ենք ունեցել, առանց որոնց, կարծում եմ, հնարավոր չէ որեւէ ընդհանուր հայտարարի գալ: Ստեղծագործական «վեճերից», անգամ, այնքան օգուտ ենք քաղել»:

Թամարա Գեւորգյանի հետ աշխատելու փորձ Մկրտիչ Արզումանյանը նախկինում էլ ուներ. ասում է՝ նրա տաղանդին վաղուց է ծանոթ, իսկ տվյալ աշատանքի շրջանակում հասցրել է նաեւ հիանալ նրա կամքի ուժով ու աշխատասիրությամբ:

«Թամարան հրաշալի անձնավորություն է, շատ ուժեղ՝ հատկապես իր հետ տեղի ունեցածից հետո: Երբ դու վատառողջ ես լինում ու այդ պահին տեսնում ես, թե ինչպես է Թամարան իրեն պահում, ինչպես է մոտենում իր աշխատանքին ու, առհասարակ, իր առօրյային, միանգամից ամեն ինչ մոռանաում ես ու ասում՝ ամեն ինչ լավ է: Հրաշալի թիմ ունենք, նաեւ շատ ուրախ եմ որդուս՝ Ալեքսանդրի համար, որի առաջին բեմելն էր: Կարծում եմ՝ շատ լավ էր, բայց, իհարկե, պետք է անդադար աշխատել»:

Ինչ վերաբերում է Ալեքսանդր Արզումանյանին՝ հայրիկի հետ աշխատելն իր համար նորություն չէ, սակայն թատրոնի բեմում լինելը նոր զգացողություն է.

«Մի քիչ սկզբում լարված էի. առաջին անգամ էի այս ժանրում ելույթ ունենում, բայց կարծում եմ՝ հետագայում ամեն բան կբարելավվի: Թատրոնը ես միշտ եմ սիրել, կարծում եմ՝ սա շատ ավելի լուրջ ու հետաքրքիր հարթակ է: Հայրիկիս հետ աշխատելուն արդեն սովոր եմ, համատեղ մի շարք նախագծերում ենք խաղացել: Միասին բեմում լինելն էլ, կարծում եմ, լավ ստացվեց»:        

Թամարա Գեւորգյանն իր հետ պատահած ավտովթարից հետո առաջին անգամ էր բեմում:  Դերասանուհու խոսքով՝ պատասխանատվությունը մեծ էր նաեւ այն առումով, որ սա առաջին նախագիծն է, որի շրջանակում հանդես է գալիս ոչ միայն որպես գլխավոր դերակատար, այլեւ՝ պրոդյուսեր: Նա նշում է՝ ներկայացման թեման ծանր է, բայց իրենց առաջնային նպատակը հանդիսատեսին հուզելը չի եղել.

«Ներկայացումը էմոցիոնալ դաշտի վրա խաղալու մասին չէ, այնտեղ էժանագին ոչինչ չի եղել մարդկանց հուզելու համար, ամեն ինչ ազնվության վրա է հիմնված»:

Թամարան խոստովանում է՝ վթարից հետո աշխատանքի անցնելը հեշտ չէր, բայց սիրելի զբաղմունքը բուժում է.

«Եթե կա նպատակ, միշտ էլ գտնում ես միջոցներ, իսկ երբ մի բան չես ուզում, պարզապես, արդարացումներ ես գտնում»,-համոզված է նա,-«Սա իմ առաջին պրոդյուսերական աշխատանքն է, ու առաջին բանը, որ ավտովթարից հետո ասել եմ, այն էր, որ չենք հրաժարվի այս նախագծից: Դժվարությունները հիմնականում կենցաղային բնույթի էին, բայց դրանք իրականում փոքր չէին. Հայաստանում, առհասարակ, անվասայլակով տեղաշարժվելն է շատ դժվար, իսկ փորձերի սզբնական շրջանում ես սայլակով էի, փորձերի ընթացքում եմ սկսել կանգնել փայտերի օգնությամբ, ու իմ գործընկերները ջանք ու եռանդ չեն խնայել, ցանկացած հարցում կողքիս են եղել՝ լուծելով նման խնդիրները»:

Թամարայի կերպարը՝ Սեդան, բեմում եւս անվասայլաով է: Դերասանուհին նշեց, որ օրիգինալ պիեսում Սեդան նման խնդիր չի ունեցել, սակայն ռեժիսոր Կարո Բալյանի հետ կերպարը համապատասանեցրել են իր վիճակին:

«Հրեշը լուսնի վրա» ներկայացման բեմանկարիչը Արեգ Միրիջանյանն է, պաստառի հեղինակը՝ Մուշեղ Գարուկյանը: Գործող հերոսներին մարմնավորում են Մկրտիչ Արզումանյանը, Թամարա Գեւորգյանը, Գրիգոր Գաբրիելյանն ու Ալեքսանդր Արզումանյանը:

NEWS.am STYLE-ը ներկա է եղել ներկայացման առաջնախաղին ու ֆիքսել դերասաններին բեքսթեյջում ու պրեմիերային ներկա հայտնի հյուրերին:


Comments (0)
Add Comment