«Հայկական Ժամանակը» ՀՀ բյուջեից 9000 եվրո փոխհատուցում կստանա

Հայաստանի Հանրապտությունը «Դարեսկիզբ» ՍՊ ընկերությանը՝ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» օրաթերթին, կվճարի 9000 եվրոյին համարժեք դրամ։

2021թ. սեպտեմբերի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հերթական վճիռն է կայացրել Հայաստանի դեմ: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն («Հայկական ժամանակ» օրաթերթ) ընդդեմ Հայաստանի Հանրապետության գործով ՄԻԵԴ-ն արձանագրել է Եվրոպական կոնվենցիայի միանգամից երկու՝ 6-րդ (Արդար դատաքննության իրավունք) և 10-րդ (Արտահայտվելու ազատություն) հոդվածներով նախատեսված իրավունքների խախտում:

Գործը կրկին կապված է 2008 մարտի 1-ի իրադարձությունների հետ։ ՄԻԵԴ-ն արձանագրել է, որ չպետք է երկրում «արտակարգ դրություն» հայտարարվեր։

2008թ փետրվարի 19-ի ընտրությունների նախնական արդյունքների հետ չհամաձայնելով՝ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր համախոհները պնդում էին, որ ընտրություններն ազատ ու արդար չէին: 2008թ. փետրվարի 20-ից սկսած՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի կողմնակիցներամեն օր հանրահավաք էին անում, 9-օրյա բողոքի ցույցից հետո Ազատության հրապարակում ոստիկանական գործողություն իրականացվեց, հրապարակը մաքրվեց բոլոր ցուցարարներից և փակվեց:

Մարտի 1-ին՝ ժամը 22:30-ի սահմաններում, Հայաստանի գործող նախագահ Ռոբերտ Քոչարյանը հրամանագիր ստորագրեց՝ Երևան քաղաքում 2008թ. մարտի 1-ից 20 օր ժամկետով արտակարգ դրություն հայտարարելու մասին, որով սահմանափակվեց նաև զանգվածային լրատվամիջոցների գործունեությունը:

2008թ. մարտի 3-ի լույս 4-ի գիշերը «Դարեսկիզբ» ընկերությունը տպարան է հանձնել իր թերթի հաջորդ հրատարակության մակետը: Տպիչների մոտ գտնվող Ազգային անվտանգության աշխատակիցները կարդացել են թերթի մակետը և, առանց որևէ պատճառ նշելու, արգելել տպագրությունը:

2008թ. մարտի 13-ին հանրապետության նախագահը մեկ այլ հրամանագիր է ստորագրել, որով փոփոխություններ են կատարվել 2008թ. մարտի 1-ի հրամանագրում: Այդ հրամանագրով որոշ մեղմացումներ եղան, այդ թվում՝ լրատվամիջոցներին վերաբերող: Մասնավորապես՝ կատարվեց հետևյալ փոփոխությունը. «արգելվում է զանգվածային լրատվության միջոցների կողմից պետական և ներքաղաքական հարցերի առնչությամբ ակնհայտ սուտ կամ իրավիճակը ապակայունացնող տեղեկատվություն կամ առանց իրազեկման (ապօրինի) միջոցառումների մասնակցության կոչեր, ինչպես նաև նման տեղեկատվություն կամ կոչեր որևէ այլ եղանակով և ձևով հրապարակելը կամ տարածելը»:

2008թ. մարտի 13-ի լույս 14-ի գիշերը «Դարեսկիզբ» ընկերությունը, տեղեկանալով հրամանագրում կատարված փոփոխությունների մասին, կրկին տպարան է հանձնել թերթի տպագրության մակետը: Սակայն Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները, ինչպես և նախորդ դեպքում, կարդացել են թերթի ամբողջ մակետը և, առանց որևէ պատճառ նշելու, արգելել են դրա տպագրությունը:

2008 թ. ապրիլի 17-ին «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն դիմում է ներկայացրել Վարչական դատարան` Ազգային անվտանգության աշխատակիցների գործողությունների դեմ, որոնք արգելել են տպագրել թերթի համարը՝ հիմքում ունենալով նախագահի հրամանագիրը: Ընկերությունը պնդել է, որ իր վրա դրված սահմանափակումները խախտել են Կոնվենցիայի 10-րդ հոդվածով նախատեսված արտահայտվելու ազատության իրավունքը, ինչպես նաև նշել է, որ չի եղել որևէ ներքին իրավական դրույթ, որը թույլ կտար նախագահին երկրում հայտարարել արտակարգ դրություն:

Ըստ հետք.am-ի՝« 2008թ. մայիսի 6-ին Վարչական դատարանը մերժել է ընկերության հայցը՝ իրավազորության բացակայության պատճառաբանությամբ: Վարչական դատարանը նշել է, որ նախագահի մարտի 1-ի հրամանագրի օրինականությունը կարող էր վիճարկվել միայն Սահմանադրական դատարանում: «Դարեսկիզբ» ՍՊԸ-ն վերաքննիչ բողոք է ներկայացրել` պնդելով, որ, ի թիվս այլոց, Վարչական դատարանի որոշումով խախտվել է նաև դատական պաշտպանության իր իրավունքը»:

Մայիսի 19-ին Վարչական վերաքննիչ դատարանը մերժել է դիմումատու ընկերության բողոքը և վերահաստատել է մայիսի 6-ի որոշման մեջ բերված պատճառաբանությունը: Հունիսի 20-ին Վճռաբեկ դատարանը դիմումատու ընկերության բողոքն անթույլատրելի է ճանաչել՝ հիմնավորվածության բացակայության պատճառով»:

2008թ. հոկտեմբերի 6-ին «Դարեսկիզբ» ընկերությունը դիմում է ներկայացրել Սահմանադրական դատարան` պահանջելով Սահմանադրությանը հակասող և անվավեր ճանաչել նախագահի 2008թ. մարտի 1-ի հրամանագրի 4-րդ կետի 4-րդ ենթակետը, որը վերաբերում էր լրատվամիջոցներին:

2008թ. հոկտեմբերի 30-ին Սահմանադրական դատարանը մերժել է «Դարեսկիզբ» ընկերության դիմումի ընդունումը` պատճառաբանելով, որ Սահմանադրական դատարան դիմելու իրավունք չունի»,- այս մասին տեղեկանում ենք Հետք․am-ից:

ՄԻԵԴ-ում Հայաստանի կառավարությունը պնդել է, որ Երևանում մարդկանց կյանքին սպառնացող արտակարգ իրավիճակ է եղել, ինչն էլ հանգեցրել է արտակարգ իրավիճակ հայտարարելուն:

ՄԻԵԴ-ը, դարձյալ վերահաստատելով նախկինում արտահայտած իր դիրքորոշումները, նշել է, որ 2008թ. մարտի 1-ին Երևանում ոստիկանությունն անհիմն և չափից դուրս ուժ է կիրառել Ազատության հրապարակում հավաքված ցուցարարների նկատմամբ:

Ընդունելով, որ 2008թ. մարտի 1-ին Երևանում իրավիճակը շատ լարված էր և կարող էր համարվել հասարակական կարգի լուրջ սպառնալիք, այնուամենայնիվ, ՄԻԵԴ-ը գտել է, որ Կառավարությունը չի կարողացել համոզիչ կերպով ներկայացնել և ապացույցներով հաստատել այն պնդումը, որ ընդդիմության ցույցերը, որոնք բախվել են ոստիկանական ծանր միջամտության, կարող են բնութագրվել որպես «ազգի կյանքին սպառնացող» հանրային արտակարգ իրավիճակ՝ Կոնվենցիայի 15-րդ հոդվածի իմաստով:

«Դարեսկիզբ» ընկերությունը հայտնել է, որ իր հրապարակումների արգելքը` որպես արտակարգ դրություն հայտարարելու մասին նախագահի հրամանագրով սահմանված սահմանափակումների հետևանք, անհիմն միջամտություն է տեղեկատվություն ստանալու և տարածելու իրավունքին:

Մի շարք այլ ընդդիմադիր և չեզոք օրաթերթեր նույնպես փակվել են արտակարգ դրության օրերին: Թերթը դիրքորոշում է հայտնել նաև այն մասին, որ արտակարգ դրություն հայտարարելու վերաբերյալ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հրամանագիրը ոչ մի օրինական նպատակ չի հետապնդել, քանի որ իշխանությունների հետապնդած միակ նպատակը իշխանությունն ամեն գնով պահելն էր:

Դատարանը գտել է, որ նման սահմանափակումները, որոնք հանգեցրել են քաղաքական բանավեճի խեղդման և տարբերվող կարծիքների լռեցման, հակասում են արտահայտվելու ազատության բուն նպատակին և անհրաժեշտ չեն ժողովրդավարական հասարակությունում: Ըստ այդմ, տեղի է ունեցել Կոնվենցիայի 10-րդ հոդվածի խախտում:

ՄԻԵԴ-ը խախտում է համարել նաև վարչական դատարանի կողմից դիմումը քննության չառնելու հանգամանքը, որով էլ խախտվել է «Դարեսկիզբ» ընկերության արդար դատաքննության իրավունքը՝ զրկվելով դատարան դիմելու իրավունքից: Ըստ այդմ, տեղի է ունեցել նաև Կոնվենցիայի 6-րդ հոդվածի 1-ին կետի խախտում:

«Դարեսկիզբ» ՍՊԸ-ի իրավունքները ՄԻԵԴ-ում պաշտպանել է փաստաբան Տիգրան Աթանեսյանը, ով Vesti.am-ի հետ զրույցում ասաց, որ վերջին 8 տարում այս գործով որևէ միջամտության կարիք չի եղել․ «Պարհոցում մնացած գործ էր, բնականաբար հիմա կապ չունեմ, վստահորդիս հետ։ Վճռի տերն իրենք են, թող իրենք էլ որոշեն ինչ անեն, ենթադրություններից զերծ կմնամ»։

Արդյո՞ք ՄԻԵԴ-ի այս որոշումը կարող է նոր քրեական հետապնդման հիմք հանդիսանալ, ամեն դեպքում նախագահ Քոչարյանը ստորագրել է հրամանագիր, որն այսօր ՄԻԵԴ-ը իրավունքի խախտում է համարում։ Այս բովանդակությամբ հարցն ուղղեցինք Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանին, ով ասաց․ «Վճռին ծանոթ չեմ, դա քննվող քրեական գործի հետ որևէ առնչություն չունի և չեմ կարծում, որ կարող է նոր քրեական գործի հիմք հանդիսանալ»։

Comments (0)
Add Comment