«Հայաստան» խմբակցության պատգամավոր, Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը խոսեց Սյունիքում ստեղծված իրավիճակի մասին՝ նշելով, որ ամենաթողության և ամեն ինչը զիջելու պարագայում ադրբեջանական կողմը լկտիանում է։
«Ադրբեջանական կողմը Որոտանի ճանապարհի վրա ոստիկանական հենակետ է դրել։ Համացանցում հայտնվել են տեսանյութեր և, իմ տեղեկություններով, կանգնեցնում են իրանական բեռնատարեր, ինչ-որ պետտուրք, մաքսատուրք են մուրում և դրանից հետո թողնում են, որ նրանք շարունակեն երթևեկությունը»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում ասաց Հակոբյանը։
Պատգամավորը անհասկանալի է համարում Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրությունը, որում Որոտանը նշվում է ադրբեջանական տեղանունով․
«Սա ի՞նչ է նշանակում, որ մեզ կամաց-կամաց սովորեցնում են, որ ,այո, դա ադրբեջանական տարա՞ծք է»։
Վահե Հակոբյանի կարծիքով ՝ այսօր ավելի կարևոր խնդիր չկա, քան Սյունիքն է։
«Ադրբեջանական կողմը ցանկացած պահի կարող է կտրել Կապանը։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անհապաղ հեռացումը կլինի բոլոր խնդիրների լուծումը»,- հավելեց Հակոբյանը։
Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության համաձայն՝ Գորիս—Կապան միջպետական ճանապարհի Որոտան բնակավայրի մոտ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող Էյվազլի բնակավայրի հատվածում, Ադրբեջանի Հանրապետության ոստիկանության կողմից իրականացվում է իրանական պետհամարանիշներով բեռնատարների վարորդների ու բեռի փաստաթղթերի ստուգում։
ԱԱԾ—ն հայտնում է, որ Ադրբեջանի ոստիկանությունը իրանական բեռնատարների ստուգումը իրականացնում է սեպտեմբերի 12-ից՝ ժամը 12։00-ից սկսած։