Անկատար երազանքներ, որոնք իրականանալու են. Սոսիի ընկերների ջանքերով կայացավ Սոսի Խանիկյան հիմնադրամի ու «Իմ կապո՜ւյտ, կապո՜ւյտ երազ» գրքի շնորհանդեսը

Սրտացավ, բարի, հոգատար՝ հայրենիքի ու շրջապատի նկատմամբ. այսպիսին են գրող, երգահան Սոսի Խանիկյանին բնութագրում ընկերները, որոնք երեկ՝ սեպտեմբերի 8-ին, Սոսիի ծննդյան օրը, նախաձեռնել էին նրա բանաստեղծությունների գրքի ու բարեգործական հիմնադրամի շնորհանդեսը:

Սոսիի կյանքն ընդհատվեց այս տարվա մարտին՝ չարաբաստիկ վրաերթի հետեւանքով՝  անավարտ թողնելով նրա երազանքներն ու նպատակները: Դրանք կյանքի կոչելու համար ընկերները՝ Սոսիի մայրիկի՝ Էսթեր Խանիկյանի նախաձեռնությամբ, ձեռնամուխ են եղել Սոսի Խանիկյան հիմնադրամի ստեղծմանը, որի նպատակն է ոչ միայն հանրահռչակել Սոսիի թողած ստեղծագործխական մեծ ժառանգությունն, այլեւ՝ աջակցել տաղանդավոր երիտասարդներին հարթել իրենց ուղին:

Հինադրամի առաջին գործը Սոսիի՝ «Իմ կապո՜ւյտ, կապո՜ւյտ, երազ» բանաստեղծությունների գրքի հրատարակումն է, որի շնորհանդեսը կայացավ Կոմիտասի թանգարան-ինստիտուտում: Սոսիի մտերիմների խոսքով՝ տվյալ վայրի ընտրությունը պատահական չէր. Սոսիի ստեղծագործական ուղու վրա Կոմիտասը մեծ հետք է թողել, ինչն էլ հետագայում ուղղորդել էր նրան վավերագրական ֆիլմ ստեղծել մեծն վարդապետի մասին:

Հիմնադրամի համահիմնադիրներից Սեդա Գրիգորյանը, խոսելով Սոսիի ու նրա երազանքների մասին, նշեց.

«Սոսին շատ յուրահատուկ մարդ էր, եւ նա իր փոքրիկ մարմնում ամփոփում էր անսահման սեր ու նվիրում՝ հայրենիքին, իր սիրելի մարդկանց ու գործին: Այն ամենն, ինչն ինքը նախաձեռնում էր, անում էր մեծագույն պատասխանատվությամբ՝ ամեն մանրուք հաշվի առնելով եւ լավագույնս իրագործելով: Իհարկե, նրա կորուստը շատ մեծ ցավ էր բոլորիս համար, բայց մենք այստեղ առաջին հերթին եկել ենք միմյանց շնորհավորելու, որ մեր կյանքում եղել է Սոսին, եւ այնքան մեծ է իր թողած հույսն ու սերը, որ մենք ընկերներով որոշեցինք, որ այդ սերը պետք է ուղղորդվի նոր նախաձեռնությունների եւ գաղափարների, եւ հենց դրան է ծառայում հիմնադրամը: Մենք հույս ունենք, որ հիմնադրամը կծառայի նրա երազանքի իրականացմանը՝ մեծ հզոր հայրենիքին, որը հիմնված կլինի կրթված երիտասարդների վրա: Սոսին ինքնուրույն հարթեց իր ուղին՝ հաղթահարելով մեծ դժվարություններ, եւ մենք, ամփոփելով իր տված հրաշալի ստեղծագործությունները, նախատեսում ենք համախմբել այն մարդկանց, ովքեր ճանաչում են եւ կրում Սոսիի տված մեծ սերը, եւ բոլոր նրանց, ովքեր չեն ճանաչել նրան, բայց կիսում են նրա արժեքներն ու պատրաստ են նրա շնորհիվ հարթել իրենց ուղին, ովքեր ունեն ձիրք, տաղանդ, նպատակասլաց են, եւ մի փոքր աջակցությունը նրանց կարող է օգնել հաղթահարել դժվարություններ եւ հասնել մեծ հաջողությունների: Հետեւաբար՝ հիմնադրամը ունի երկու հիմնական ուղղություն՝ հանրահռչակել Սոսիի թողած աշատանքները եւ նրա շնորհիվ նպաստել երիտասարդների մասնագիտական աճին՝ հիմնականում հենց այն ոլորտներում, որոնցում ստեղծագործում էր Սոսին: Այս ամենն, իհարկե, հնարավոր չի լինի միայն մեր ուժերով: Մեզ միանալու հնարավորություն ունեն բոլորը: Վստահ եմ, որ բոլորիս միասնական ներուժով կկարողանանք շարունակական դարձնել այն, ինչ սկսել էր Սոսին»:

«Իմ կապո՜ւյտ, կապո՜ւյտ երազ» բանաստեղծությունների գիրքը բաղկացած է երեք բաժիններից՝ խոհափիլիսոփայական, սիրային բանաստեղծութուններից ու Սոսիի հեղինակած երգերի խոսքերից: Գրքի անվանումը բանաստեղծություններից մեկի հիմա վրա է: Սոսիի ընկերների խոսքով՝ հենց կապույտ երազն է լավագույնս բնութագրում իրենց ստեղծագործ ընկերոջը՝ փոքրամարմին, բայց մեծ սրտով ու երազանքներով:


Comments (0)
Add Comment