ԱՄՆ-ի պարտադրած ժողովրդավարությունը հարմար չէ այլ երկրներին ճիշտ այնպես, ինչպես սառը կաթի ամենօրյա օգտագործումը չինացիների ստամոքսի համար, Աֆղանստանում տեղի ունեցած վերջին իրադարձություններն ապացուցերին դա: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ նման հայտարարությամբ ճեպազրույցի ժամանակ հանդես է եկել Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
«Աֆղանստանում իրավիճակի զգալի փոփոխությունները ևս մեկ անգամ ցույց են տալիս որ դրսից պարտադրվող և «փոխպատվաստված» ժողովրդավարությունը երկար չի տևի և ամուր չի լինի: Փաստերն ապացուցեցին, որ ժողովրդավարությունը չի կարող կողմնակալ լինել, այն չպետք է միջամտի ուրիշների գործերին, և ժողովրդավարության ֆիքսված մոդել գոյություն չունի»,- ասել է դիվանագետը:
Վերջինս ընդգծել է, որ ինչպես չինացիների ստամոսքը սովոր չէ ամենօրյա սառը կաթի օգտագործմանը, իսկ ամերիկացիները՝ փայտերից օգտվելուն սնվելու համար, այնպես էլ ժողովրդավարությունը չպետք է կոկա-կոլա լինի, որտեղ ԱՄՆ-ն արտադրում է սկզբնական հյութը, իսկ ողջ աշխարհը միանման համ է զգում:
Հիշեցնենք, որ թալիբներն ակտիվ գործողությունների են անցել Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերմանը զուգահեռ՝ օրեցօր նոր քաղաքներ գրավելով, իսկ օգոստոսի 15-ին մտել են Քաբուլ: Ժամեր անց երկրի նախագահ Աշրաֆ Ղանին հրաժարական է ներկայացրել և հեռացել երկրից: