ՀՀ-ն անհրաժեշտ է համարում գազի, նավթի եւ նավթամթերքի ընդհանուր շուկաների բազայի ստեղծումը ԵԱՏՄ զարգացման համար

Հայաստանն անհրաժեշտ է համարում գազի, նավթի եւ նավթամթերքի ընդհանուր շուկաների համար նորմատիվային դաշտի ստեղծումը ԵԱՏՄ զարգացման համար: Այս մասին Չոլպոն-Աթայում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին ասաց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մենք համոզված ենք, որ միության արդյունավետ զարգացման առանցքային բաղադրիչներից մեկը հետեւողական եւ թափանցիկ աշխատանքն է, որն ուղղված է գազի, նավթի եւ նավթամթերքի ընդհանուր շուկաների կարգավորիչ բազայի ստեղծմանը: Միության էներգետիկ ներուժի արդյունավետ օգտագործումը կարող է պատասխան լինել բազմաթիվ մարտահրավերների՝ նպաստելով մեր երկրների տնտեսությունների էներգետիկ անվտանգության ամրապնդմանը եւ կայուն զարգացմանը»,- նշեց Փաշինյանը` փոխըմբռնման եւ ԵԱՏՄ անդամ բոլոր երկրների շահերի վրա հիմնված կառուցողական աշխատանքի շարունակման հույս հայտնելով:

Նրա խոսքով` Հայաստանն իր գոհունակությունն է հայտնում գազի, նավթի եւ նավթամթերքի ընդհանուր շուկաների ձեւավորման գործում հանձնաժողովի եւ ԵԱՏՄ պետությունների լիազոր մարմինների կատարած նշանակալի աշխատանքի կապակցությամբ, որն արտահայտված է ներկայացված զեկույցներում: Փաշինյանը նշեց, որ ԵԱՏՄ երկրները սկսել են գազի ընդհանուր շուկայի ձեւավորման վերաբերյալ միջազգային պայմանագրի քննարկումը: «Նաեւ գոհունակությամբ նշեմ, որ մեզ հաջողվեց համաձայնության գալ նավթի եւ նավթամթերքների ընդհանուր շուկայի ձեւավորման հայեցակարգի շուրջ` հիմնված ԵԱՏՄ բոլոր երկրների կողմից հաստատված հինգ սկզբունքների վրա»:

Comments (0)
Add Comment