«Պրեմիերայի էի գնացել». միգուցե հենց դու ես «Գլխավոր հերոսը»

Զարմանալի է, բայց սա երկար ժամանակ հետո առաջին բլոկբաստերն է, որը հիմնված չէ որևէ ֆրանշիզայի վրա, չի հանդիսանում գրքի կամ կոմիքսի էկրանավորում, շարունակություն կամ ռեբութ:

Ֆիլմը պատմում է բանկի մի աշխատակցի մասին, որի մոտ ամեն ինչ ընթանում է այնպես, ինչպես հարկն է, մինչեւ այն պահը, երբ նա պարզում է, որ իր աշխարհը հսկայական տեսախաղերի մի մասն է, իսկ ինքն ընդամենը երկրորդական կերպար է: Արդյո՞ք նա կունենա այնքան խիզախություն, որպեսզի փոխի իր կոդը, գրավի գեղեցկուհու ուշադրությունը եւ, վերջապես, փրկի աշխարհը: Կարճ ասած՝  նա կդառնա՞ գլխավոր հերոս։

Որքան էլ զարմանալի է, «Գլխավոր հերոսը» սպասվածից ավելի լավ ֆիլմ է ստացվել: Բավականին պարզ պատմությունը երբեմն բացահայտվում է անսպասելի կողմերից՝  չարդարացնելով մեր ակնկալիքները։ Սյուժեն լի է մանր տարրերով, որոնք օգնում են այս ֆիլմը դուրս բերել կոնվեյերային բլոկբաստերի աստիճանից:

Իր հայեցակարգով ֆիլմը հիշեցնում է «Տրումանի շոուն», բայց տեսախաղերի մթնոլորտում, որտեղ հերոսի կյանքի միօրինակությունը հանգեցնում է այն գիտակցությանը, որ նա կարող է ավելին անել։ Բավական ակնհայտ անլյուզիա մեր իրականությունում, որն ընդգծում է այն գաղափարը, որ մեզանից յուրաքանչյուրը կարող է անել ամեն ինչ։

Վիզուալ առոումով ֆիլմը շատ վառ է ստացվել, դինամիկ. հերոսներն անընդհատ շարժման մեջ են: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ իրադարձությունները տեղի են ունենում խաղում, որտեղ նրանց հետ ինչ ասես պատահում է…

Շատ հետաքրքիր է դիտվում նաեւ այն ամենը, ինչը տեղի է ունենում իրական աշխարհում. այն ունի  իր սեփական ինտրիգներն ու հերոսներ, որոնք փորձում են օգնել խաղի հերոսներին։

Ռեժիսոր Շոն Լևին առաջին անգամ չէ, որ ղեկավարում է բարձրաբյուջետային կատակերգությունների նկարահանման գործընթացը, և արժե խոստովանել, որ բեմադրիչը կարողանում է ամենատարբեր տարիքային լսարանների համար հաճելի կինո նկարահանել։

Կցանկանայի դերասաններից առանձնացնել Ռայան Ռեյնոլդսին: Նա սկզբում միամիտ տղայի դեր էր խաղում, բայց սյուժեի զարգացմանը զուգընթաց՝ մենք տեսնում ենք, թե ինչպես է նրա հերոսը դառնում իսկապես «գլխավորը»: Նա փորձ է ձեռք բերում, բայց միեւնույն ժամանակ մնում է նույն անկաշկանդ եւ զվարճալի կերպարը:

Ֆիլմի միակ թերությունը  դրա «անտագոնիստ»-ն է Թայքա Վայտիտիի կատարմամբ: Այն ստվարաթղթե է ստացվել: Ոչ մի կերպ չեմ մեղադրում Վայտիտիին. դա սցենարիստի թերությունն է:

Արդյունքում՝ «Գլխավոր հերոսը» հիանալի և բարի արկածային ֆիլմ է՝  ներառելով իր մեջ հոյակապ բարոյականության տարրեր: Ֆիլմն այն մասին է, որ կյանքում ինչ-որ բան փոխելու ցանկություն ունենալու դեպքում պետք է ռիսկի դիմել, այլ ոչ թե լողալ հոսանքի ուղղությամբ։

P.S.

Դիտելուց հետո ակամայից հիշեցի «Հարրի Փոթերի»-ի հերոս Ալբուս Դամբլդորի հետևյալ խոսքը. «Մարդուն բնորոշում են ոչ թե նրանում ամրագրված որակները, այլ միայն նրա ընտրությունը»։

Comments (0)
Add Comment