Մորգենշտերնը հաշմանդամություն ունեցող երկրպագուին է նվիրել անվասայլակը, որով գնացել էր «МУЗ-ТВ»-ի մրցանակաբաշխությանը

Ռուս ռեփեր Մորգենշտերնը Նովոսիբիրսկից 15-ամյա դեռահաս Տիմուր Անդրյուշկինին է նվիրել թանկարժեք անվասայլակը, որով ռեփերը հայտնվել էր «МУЗ-ТВ»-ի մրցանակաբաշխությանը, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։  

Ռեփերի 15-ամյա երկրպագուի մոտ չորրորդ աստիճանի սկոլիոզ է ախտորոշվել, ինչի հետեւանքով նա գամված է անվասայլակին։ Ավելի վաղ հիփ-հոփ արտիստը երկրպագուին սոցիալական ցանցերում ձայնային հաղորդագրություն է ուղարկել՝ առաջարկելով նրան սայլակ ուղարկել։

«Մենք ասացինք, որ հիմա Մոսկվայում ենք բուժման նպատակով եւ ուրախ կլինենք անձամբ հանդիպել։ Ալիշերը համաձայնեց։ Եվ ահա նրա «Cadillac»-ը մայրաքաղաքի կենտրոն եկավ, իսկ բեռնախցիկում նվերներ են»,- պարբերականի հետ զրույցում նշել է Անդրյուշինի մայրը։ Նա հավելել է, որ ռեփերի նվերը ճիշտ ժամանակին էր, քանի որ նախկինը հաճախ էր փչանում, իսկ նոր սայլակ ձեռք բերելը խնդրահարույց էր։

Ռեփերն Անդյուշինի մասնակցությամբ հրապարակում է արել Ինստագրամյան էջում, որում պատմել է իր նվերի մասին։ «Ես այս սայլակով գնացել եմ ափսեի տեսքով մրցանակի հետեւից, իսկ դու խոհանոց կգնաս ափսեների հետեւից»,- կատակել է երգիչը։

Այս տարվա հունիսին Մորգեշտերնը 10 միլիոն ռուբլի է փոխանցել երեքամյա Իլյա Խուդոբի բուժման նպատակով։ Երեխան սպինալ մկանային ատրոֆիա ունի, եւ թանկարժեք դեղամիջոցներ են անհրաժեշտ։


Comments (0)
Add Comment