Եվրոպական առաջատար ակումբները միասնական հայտարարությամբ են հանդես եկել նոր մրցաշարի՝ Սուպերլիգայի ստեղծման վերաբերյալ։
Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է․
«Եվրոպայի 12 առաջատար թիմեր այսօր միասին համաձայնության են եկել նոր մրցաշարի՝ Եվրոպական Սուպերլիգայի ստեղծման վերաբերյալ։ Խաղերը կանցկացվեն շաբաթվա ընթացքում, մրցաշարը կղեկավարեն հիմնադիր-ակումբները։
«Միլանը», «Արսենալը», «Ատլետիկոն», «Չելսին», «Բարսելոնան», «Ինտերը», «Յուվենտուսը», «Լիվերպուլը», «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը», «Ռեալն» ու «Տոտենհեմը» կլինեն Սուպերլիգայի հիմնադիր ակումբները։ Եվս 3 թիմ առաջին մրցաշրջանի մեկնարկից առաջ կմիանա նրանց, իսկ մեկնարկը կլինի այն ժամանակ, երբ հնարավոր է։
Հիմնադիր-ակումբները պլանավորում են ՈՒԵՖԱ-ի ու ՖԻՖԱ-ի հետ քննարկել ընդհանուր համագործակցությունը, որպեսզի լավագույն հեռանկարներն ապահովեն ինչպես նոր մրցաշարի, այնպես էլ ընդհանուր ֆուտբոլի համար։
Սուպերլիգայի ստեղծումը տեղի է ունենում այն ժամանակ, երբ համաճարակը արագացրեց եվրոպական ֆուտբոլում տնտեսական մոդելի անկայունությունը։ Բացի դրանից, հիմնադիր-ակումբներն արդեն մի քանի տարի է՝ իրենց առաջ նպատակ են դրել բարձրացնելու գոյություն ունեցող եվրոպական մրցաշարերի որակն ու ինտենսիվությունը, ինչպես նաև ստեղծելու ձևաչափ, որը թույլ կտա առաջատար թիմերին ու ֆուտբոլիստներին կանոնավոր կերպով մրցելու միմյանց հետ։
Համաճարակը ցույց տվեց, որ ստրատեգիական հայեցակարգը և ռացիոնալ կոմերցիոն մոտեցումն անհրաժեշտություն են եվրոպական ֆուտբոլի ողջ պիրամիդների արժեքների բարձրացման ու նրանց հետաքրքրություններին աջակցելու տեսանկյունից։
Վերջին ամիսներին ֆուտբոլային գլխավոր դեմքերն ակտիվ քննարկում էին եվրոպական մրցաշարերի ապագա ձևաչափերը։
Հիմնադիր-ակումբները կարծում են, որ այդ քննարկումների արդյունքում առաջարկված որոշումները չեն լուծելու հիմնական խնդիրները՝ ներառյալ խաղերն ամենաբարձր մակարդակով անցկացնելու անհրաժեշտությունն ու ողջ ֆուտբոլային պիրամիդայի համար հավելյալ ֆինանսական ռեսուրսները»,- ասված է հայտարարության մեջ, որը իր պաշտոնական կայքում ներկայացրել է նաև «Տոտենհեմը» ՝ հաստատելով իր մասնակցությունը նոր մրցաշարին։
Աղբյուր՝ Tert.am