Ո՞ւմ հույսով է Ալիևը խառնվում Հայաստանի ներքին գործերին

Մինչ Նիկոլ Փաշինյանը բացի իրենից բոլորին մեղադրում է պարտության մեջ ու քիրվայություն է քարոզում, նրա ադրբեջանցի «կիրթ» գործընկերն արդեն հսկա քիթը խոթում է Հայաստանի ներքին գործերի մեջ:

«Ի՞նչ պետք է անի Հայաստանը առաջին հերթին: Հրաժարվել Թուրքիայի դեմ տարածքային պահանջներից, վերաշարադրել Սահմանադրությունը»: Այո, սրանք Ալիևի խոսքերն են, որ արտաբերել է «Նոր հայացք Հարավային Կովկասում. Հետկոնֆլիկտային զարգացում և համագործակցություն» խորհրդաժողովում իր ելույթի ժամանակ: Ադրբեջանցի բռնակալիկը դարձել է Թուրքիայի խոսնակը և 44-օրյա պատերազմի ընթացքում «մեծ եղբորն» Անդրկովկասում հաստատելուց հետո արդեն ներքաղաքական օրակարգ է թելադրում իր «վերելակային» պարտնյորին:

Հետաքրքիր է, որ՝ գնահատելով Փաշինյանի կառավարության հետպատերազմյան գործունեությունը, Ալիևը ակնարկել է, թե «… հայկական իսթեբլիշմենթում մենք տեսնում ենք որոշ նշաններ և թույլ գաղափարներ, որոնք կապված են Թուրքիայի նկատմամբ քաղաքականության վերանայման հետ»: Նախկինում, երբ բանակցային կուլիսների ետևում Ալիևին ստիպում էին ճանաչել Արցախի կարգավիճակը, նա այդպիսի հայտարարություններ չէր անում, իսկ հակահայկական քարոզչությունը Բաքվում կատարվում էր բացառապես ներքին լսարանի համար: Հիմա դժվար է պնդել, թե դրանք ուղղված չեն անձամբ Փաշինյանին,որովհետև վերջինս և իր «ուսապարկերի» շարասյունը տևական ժամանակ հենց այդ «որոշ նշաններն ու թույլ գաղափարներն» են քարոզում մեր երկրի ներսում: Սակայն հնարավոր ընտրություններին ընդառաջ Նիկոլը սկսել է «հայրենասիրություն» խաղալ և ձևացնում է, թե փորձում է դուրս գալ «վերելակային» ֆորմատից: Բայց նրա ժամանկն անցել է, որովհետև «վերելակային» ֆորմատի զգալի մասն արդեն իրականացրել է՝ հանձնել է Արցախի մեծ մասը և հանդուրժում է Ալիևի բոլոր քմահաճույքները, հարյուրավոր գերիներ թողնելով Ադրբեջանում որպես պատանդ, ստիպում է մեզ համակերպվել GPS-ով սահմանազատումների, ներքաղաքական վակխանալիայի և տնտեսական կոլապսի հետ և արդեն անզոր է ետ կանգնել: Սակայն Հայաստանում հասկանում են այդ դավադրության հետևանքները և որոշակի դիմադրություն են ցուցաբերում, որը Նիկոլին դեռ թույլ չի տալիս կյանքի կոչել Էրդողանի և Ալիևի սյունիքյան երազանքը: Իսկ ժամանակը թուրքական տանդեմի օգտին չի աշխատում, աշխարհաքաղաքական բուռն գործընթացներ են զարգանում, որոնք կարող են արմատապես ազդել մեր փոքր տարածաշրջանի նոր ստատուս քվոի վրա: Այդ պատճառով է Ալիևը բացահայտ խառնվում Հայաստանի ներքին գործերին: Այսօր Ալիևն ու Էրդողանը Հայաստանում մի դաշնակից ունեն, որից փրկօղակ են ակնկալում: Դա Նիկոլ Փաշինյանն է, ով սակայն հասարակության ու քաղաքական ուժերի ճնշման տակ քաղաքական պրոցեսներ է նախաձեռնում իր իշխանությունն ու գոյությունը փրկելու համար և «վերելակային» պարտնյորի մասին մոռացել է: Նիկոլը սկզբում «գցեց» իր ընտրողներին, ապա Հայաստանի ստրատեգիական գործընկերներին, Արցախին ու Հայաստանին, հիմա էլ «գցում է» Ալիևին ու Էրդողանին:

Comments (0)
Add Comment