Մոսկվայում ավարտին մոտեցող ծանրամարտի Եվրոպայի առաջնության տղամարդկանց 102 կգ քաշայինների պայքարն անցավ Հայաստանի ներկայացուցիչների գերիշխանությամբ: Սամվել Գասպարյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի կոչումը, իսկ Արսեն Մարտիրոսյանը դարձավ արծաթե մեդալակիր:
Սամվել Գասպարյանը երկամարտում գրանցեց 390 կգ (176+214) և 10 կգ գերազանցեց երկրորդ տեղը գրաված Արսեն Մարտիրոսյանին՝ 380 կգ (171+209):
Երրորդ տեղը գրաված Ադրբեջանի ներկայացուցիչ Դադաշ Դադաշբայլին երկամարտում գրանցեց 379 կգ (177+202):
Պոկում վարժությունում Սամվել Գասպարյանը նվաճեց փոքր արծաթե մեդալ՝ մեկ կգ զիջելով Դադաշ Դադաշբայլիին: Գյումրեցի ըմբիշը պոկեց 171 ու 176 կգ, իսկ 178 կգ-ն բարձրացնել չհաջողվեց: Արսեն Մարտիրոսյանը պոկում վարժությունից հետո 171 կգ արդյունքով չորրորդն էր:
Հրում վարժությունում Սամվել Գասպարյանից 2 մոտեցում պահանջվեց չեմպիոնի կոչումն ապահովելու համար: Նախ նա բարձրացրեց 209 կգ, ապա՝ 214 կգ, իսկ երրորդ մոտեցմանը չգնաց և նվաճեց փոքր ոսկե մեդալի: Արսեն Մարտիրոսյանը հրեց 205 ու 209 կգ և նվաճեց փոքր բրոնզե մեդալ:
Նախորդ՝ Բաթումի-2019 Եվրոպայի առաջնությունում Սամվել Գասպարյանը երկամարտի 377 կգ արդյունքով գրավել էր երկրորդ տեղը:
Ապրիլի 10-ին Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ դուրս կգան նաև Տաթեւ Հակոբյանը (87 կգ) և աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն, օլիմպիական փոխչեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը (109 կգ)
Հայաստանի հավաքականի կազմում Եվրոպայի չեմպիոն էր դարձել նաև Կարեն Ավագյանը (89 կգ), իսկ Անդրանիկ Կարապետյանը (89 կգ), Հակոբ Մկրտչյանը (96 կգ) և Լիանա Գյուրջյանը (81 կգ) նվաճել էին բրոնզե մեդալ: Իզաբելլա Յայլյանը (55 կգ) և Ռաֆիկ Հարությունյանը (81 կգ) գրավել էին չորրորդ տեղը, իսկ Դավիթ Հովհաննիսյանը (96 կգ) զրո էր ստացել հրում վարժությունում:
14 ծանրորդով մրցավայր մեկնած Հայաստանի հավաքականի կազմում ԵԱ-ի վերջին օրը՝ ապրիլի 11-ին, մրցահարթակ դուրս կգան Արփինե Դալալյանը (+87 կգ), Գոռ Մինասյանը և Վարազդատ Լալայանը (+109 կգ):
Աղբյուրը՝ NEWS.am SPORT