Ռուսաստանի հայերի միության և Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը տարիներ շարունակ եղել է Հայաստանի ստեղծագործական միությունների և գիտական հաստատությունների կողքին: Նրա ֆինանսական աջակցությամբ մշտապես իրականացվել են ստեղծագործական մրցույթներ և մրցանակաբաշխություններ՝ նպատակ ունենալով նպաստել հայրենիքի գիտամշակութային կյանքի աշխուժացմանը, մտավորականների ստեղծագործական պայմանների բարելավմանը:
Ապրիլի 8-ին Արա Աբրահամյանը հյուրընկալվել էր Հայասատանի գրողների միությունում: Նա գրողներին ներկայացրեց իր գործունեության հիմնական ուղղություններն ու նպատակները, Հայաստանի մտավոր և մշակութային ապագայի իր տեսլականը:
«Մեր հաջողությունների և վերածննդի միակ գրավականը մեր միասնականության մեջ է: Ես սիրում եմ մեր ժողովրդին և հավատում եմ նրա կարողություններին, իսկ մտավորականությունը պետք է լինի նրան առաջնորդողի դերում»,- ասաց Արա Աբրահամյանը
Գրողների միության նախագահ Էդ. Միլիտոնյանը շնորհակալություն հայտնեց հանդիպման համար՝ նկատելով, որ Արա Աբրահամյանի բարեգործական ծրագրերը զգալի նշանակություն են ունեցել կազմակերպության բնականոն գործունեության համար: Այդ միջոցներով բազմաթիվ գրողներ հնարավորություն են ունեցել հրատարակել իրենց ստեղծագործությունները, իսկ կազմակերպված մրցանակաբաշխություններն ու մրցույթները ծնունդ են տվել նոր ստեղծագործությունների: Գրողների միության նախագահը հիշեց, որ տարիներ առաջ մեր գրողներից մեկը, սոցիալական ծանր պայմանների պատճառով, մտադրվել էր արտագաղթել, բայց, Արա Աբրահամյանի հայտարարած մրցանակաբաշխությանը մասնակցելով ու հաղթելով, փոխեց իր մտադրությունը և այսօր էլ ապրում ու ստեղծահործում է հայրենիքում: Էդ. Միլիտոնյանը հույս հայտնեց, որ Արա Աբրահամյանի բարեգործական ծրագրերն ու նախաձեռնություններն այսուհետ նույնպես շարունակական կլինեն:
Իր հերթին Արա Աբրահամյանը հավաստիացրեց, որ միշտ եղել է և կշարունակի լինել հայ մտավորականի կողքին: