Հայաստանի արտաքին գործերի նախարարության տրամադրության տակ տեղեկություն չկա որեւէ ձեւաչափի մասին, որի շրջանակում պաշտոնական Անկարայի հետ կարող են կայանալ խորհրդակցություններ կամ բանակցություններ: Այս մասին այսօր՝ մարտի 29-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում 2020 թվականին կատարված աշխատանքի հաշվետվության քննարկման ժամանակ ասաց ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը բազմիցս հանդես է եկել Թուրքիային հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնություններով, բայց վերջին նախաձեռնությունը՝ Ցյուրիխի գործընթացը, տապալվել է Թուրքիայի կողմից:
«Մենք թշնամիներ չենք փնտրում, բայց երկկողմ հարաբերություններում կարեւոր է փոխադարձության սկզբունքը: Ակնկալում ենք, որ Թուրքիան լրջորեն կվերանայի Հայաստանի նկատմամբ ագրեսիվ քաղաքականությունը»,- նշեց Այվազյանը:
Նշենք, որ նախօրեին ՀՀ Անվտանգության խորհրդի ղեկավար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր, որ Հայաստանին անհրաժեշտ է շտկել իր վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ: