«Բարգավաճ Հայաստան»-ն առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու է իր առանձին ցուցակով, ցուցակը գլխավորելու է Գագիկ Ծառուկյանը, այսօր Ազգային ժողովում, ճեպազրույցների ժամանակ, ասաց ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը։
Զոհրաբյանը նշեց՝ ընտրություններին կմասնակցեն այն ընտրակարգով, որը կքվեարկի և կընդունի խորհրդարանական մեծամասնությունը։
«Ինչ վերաբերում է ընտրության ընտրակարգին, ապա այստեղ կանոնները իշխանության դաշտում է, իրենք են սահմանել խաղի այդ կանոնը։ ԲՀԿ-ն մասնակցելու է ընտրություններին, մեզ համար շատ ավելի կարևոր է, որ լինեն ազատ և արդար ընտրություններ, վարչական որևէ ռեսուրս չկիրառվի՝ ինչի ահազանգերը մենք արդեն ստանում ենք», — ասաց Զոհրաբյանը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպումից հետո հայտարարեց՝ հունիսի 20-ին կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Իշխող ուժը որոշել է ընտրություններն անցկացնել փակ համամասնական կարգով։