Սուարեսի բարեգործական ակցիան՝ 500-րդ գոլի առթիվ

Մադրիդի «Աթլետիկոյի» ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը «Ալավեսի» դեմ ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 28-րդ տուրի խաղում (1:0) խփել էր կարիերայի 500-րդ գոլը: Այդ կապակցությամբ Puma-ն հայտարարել է 34-ամյա ֆուտբոլիստի հետ համագործակցության մասին:

Puma-ն 500 ֆուտբոլային գնդակ կնվիրի բոլոր այն քաղաքների երիտասարդական թիմերին, որտեղ խաղացել է Սուարեսը: Բացի այդ, ընկերությունը թողարկել է 500 goal FUTURE Z նոր խաղակոշիկները:

Հիշեցնենք, որ Իսպանիայի ընթացիկ առաջնությունում Սուարեսը 19 գոլով երկրորդն է ռմբարկուների ցուցակում և 4 գոլ է հետ «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսիից: Կարիերայի 500 գոլերը նա խփել է ուրուգվայական «Նասիոնալում», հոլանդական «Գրոնինգենում» ու «Այաքսում», անգլիական «Լիվերպուլում», կատալոնական «Բարսելոնայում», «Աթլետիկոյում» և Ուրուգվայի ազգային հավաքականում:

Comments (0)
Add Comment