Շուշին օր օրի ծաղկում էր, բոլորը գիտեն, թե վերջին տարիներին այնտեղ ինչեր են կատարվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Շուշիի քաղաքապետ Արծվիկ Սարգսյանը՝ անդրադառնալով Արագածոտնի մարզում նախօրեին Շուշիի մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:
Նա մեկ-մեկ թվարկեց այն քայլերն ու ներդրումները, որոնք կատարվել են Շուշիում. «Դպրոցների նորոգում, 5 թանգարանների բացում, մեծածավալ ասֆալտապատում, 24-ժամյա ջրամատակարարում, փողոցների լուսավորում, մայթերի բարեկարգում, բարձրահարկ շենքերի տանիքների փոխում (մնացել էր ընդամենը 2 բարձրահարկի տանիքի փոխում), մշակութային օջախների նորոգում։ Այ, այն մշակութային կենտրոնի, որտեղ ոստիկաններին հրթիռակոծեցին։ Կրթամշակութային նոր օջախների բացում, Ֆրանսիայի հովանավորությամբ արհեստագործական ուսումնարանի բացում, մանկապարտեզներ։ Այն մարդիկ, ովքեր այդպիսի հայտարարություններ են անում, շատ լավ էլ գիտեն, որ Շուշիիում նախորդ տարիներին ինչեր են կատարվել։ Ոչ միայն ես եմ ասում, այլ դրսից եկող հյուրերը միշտ ասում էին, որ Շուշին օր օրի ծաղկում է»,-ասաց նա:
Նախկին քաղաքապետը շարունակեց է այս ցանկը լրացնել նոր փաստերով ու միաժամանակ ընդգծեց, որ քաղաքը քաղաքի էր նմանվել, որով բոլորն էին հպարտանում։
Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե գործարարի խաբել են, գնացել է Շուշի առանձնատուն է կառուցել, Դուք նման փաստի ականատես եղե՞լ եք, Արծվիկ Սարգսյանն արձգանքեց, թե միայն Ռուբեն Հայրապետյանը չէ, որ Շուշի է եկել ու առանձնատուն կառուցել, այլ գործարարներ էլ նույն կերպ են վարվել. «Ավելին, նրանք նաև քաղաքի զարգացման գործում իրենց ներդրում են ունեցել։ Եկել են, իրենց սեփական տներն էլ են նորոգել, ներդրումներ էլ են արել։ Օրինակ, Ռուբեն Հայրապետյանը ոչ միայն առանձնատուն ուներ, այլ քանիցս Շուշիին աղբահանման, ջրցան մեքենաներ է նվիրել։ Սարկիսովը ևս իր լուման ունի, փողոցներ է ասֆալտապատել։ Կային այլ ներդրումներ, որոնք պետ է արվեին»։
Շուշիի քաղաքապետը հիշեցրեց այն բոլոր անվանի հայերին, որոնք ծնվել ու ապրել են Շուշիում՝ Մուրացան, Լեո, Արամ Մանուկյան, Նելսոն Ստեփանյան, Իվան Թևոսյան։ «Ամեն կամար ապացուցում է, որ Շուշին եղել է բուն հայկական քաղաք։ Գործում էր 11 եկեղեցի, որոնցից մնացել էր 2 գործող և մեկն էլ կիսավեր։ Հիմա էլ պիտի փաստենք, որ «Կանաչ ժամը»՝ Հովհաննես Մկրտիչ եկեղեցի էլ են հիմնահատակ քանդում ու աշխարհն էլի լուռ է։ Կոմունիստների ժամանակ գերեզմանոցը քանդել են անտառ են դրել, որ տարիներ անց հայկական հետք չլինի։ Այն ժամանակ էլ վանդալիզմ էին անում, հիմա էլ»:։
Իսկ Շուշիի առնչությամբ Հայաստանից եկող անհասկանալի հայտարարությունները, ըստ Արծվիկ Սարգսյանի, այն բանի համար է, որ քողարկեն իրենց արածը և արդարացնեն Շուշիի հանձնումը։
Հիշեցնենք, որ Արագածոտնի մարզում նախօրեին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Էսօր էդ մարդիկ դառել են Շուշիի ամենամեծ պաշտպաններն, այսպես ասած: 2020 թվականին ո՞վ է եղել Շուշիում, 30 տարվա մեջ ի՞նչ ենք արել մենք Շուշիում, էս ա իրողությունը․․․Նրանք կառուցել են իրենց Շուշիները աշխարհի բոլոր տեղերում, բայց հնարավորինս Շուշիից հեռու»։